Սուդանների միջև հակամարտությունը կարգավորելու համար Չինաստանի հատուկ բանագնացը ուղևորվում է տարածաշրջան
Չինաստանը Աֆրիկա հատուկ բանագնաց կուղարկի` Սուդանի և Հարավային Սուդանի միջև հակամարտությունը կարգավորելու նպատակով, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Չինաստանի ԱԳՆ-ին:
Չինաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչ Լյու Վեյմինը հայտարարել է, որ դիվանագետը մոտ ժամանակում Աֆրիկա կմեկնի իր առաքելության իրականացման նպատակով: Նրա գլխավոր նպատակը կլինի կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը և տարածաշրջանում բռնությունները դադարեցնելը:
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, սա իրենց բանագնացի թվով երկրորդ առաքելությունն է, և Սուդանի և Հարավային Սուդանի միջև հակամարտության կարգավորման շուրջ աշխատում են ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության պայմաններում:
Տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ն նույնպես պետք է Խարտում և Ջուբա հատուկ ներկայացուցիչ ուղարկի, ով կաջակցի բանակցությունների մեկնարկին:









