Ադրբեջանը փոխել է հրադադարը խախտելու գործելաոճը. փորձագետ

15:40 • 26.04.12

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կարծում է, որ Ադրբեջանի վերջին կրակահերթերը վկայում են, որ այդ երկիրը փոխել է իր գործելաոճը` թիրախում ունենալով հասարակ քաղաքացիներին:

«Ադրբեջան պետության գործելաոճի մեջ փոփոխություն կա` նպատակաուղղված ագրեսիա քաղաքացիական բնակչության դեմ: Սա մեզ խորհելու տեղիք է տալիս»,- այսօր ասուլիսին ասաց նա:

 

Նա նշեց, որ Տավուշի մարզի Դովեղ գյուղում երեկ շուրջ երկու
ժամ տևած կրակը, որն ուղղված է եղել գյուղի մանկապարտեզի վրա, նպատակաուղղված ագրեսիայի դրսևրում է և ոչ թե հենակետում կանգնած զինվերի քմահաճույք:

«Ադրբեջանական բանակը նպատակաուղղված կրակ է բացել խաղաղ բնակավայրի և ընդորում ոչ միայն խաղաղ բնակավայրի, այլ հատկապես մանկապարտեզի դեմ»,- ասաց նա և հավելեց. «Ասել, թե դա հենակետում կանգնածի քմահաճույքն է, չի կարելի գործ ունենք նպատակաուղղված ագրեսիայի դրսևորման հետ»:

 

Նույն ագրեսիվ քաղաքականության հետևանք են, ըստ նրա, նաև այսօր առավոտյան հայկական սանիտարական մեքենայի վրա ադրբեջանական կողմի արձակած կրակոցները, որոնց հետևանքով երկու մարդ վիրավորվել է:

Ջամալյանի կարծիքով՝ հատկանշական է նաև, որ այս դեպքերը տեղի են ունենում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցից հետո, ինչը լրացուցիչ ցինիզմ է հաղորդում տեղի ունեցածին:

 

Իսկ ցեղասպանության մասին, նրա խոսքով, տեղյակ է նաև թուրք հանրությունը,գուցե ոչ մանրամասն, բայց երևույթի մասին գիտի:

«Սա ապացուցում է, որ թուրք հանրույթը չի զղջում: Իսկ ադրբեջանցի թուրքը և Թուրքիայի թուրքը մեկը մյուսից շատ չեն տարբերվում»,- նկատեց Ջամալյանը: