Ֆրանսիայում հայտնաբերվել է «Փոքրիկ իշխան»-ի մինչ այժմ անհայտ սևագիրը

17:21 • 26.04.12

Ֆրանսիայում հայտնաբերվել է աշխարհի ամենասիրված ու ամենաընթերցվող ստեղծագործություններից մեկի` Անտուան դը Սենթ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ի անհայտ սևագիրը:


Le Figaro թերթը գրում է, որ «Արկտյուրիալ» աճուրդի տան փորձագետները, ի մի բերելով մի հավաքորդի տրամադրած նամակների կապոցը, որոնք պետք է վաճառքի հանվեն մայիսի 16-ին, հայտնաբերել են այնտեղ անընթեռնելի խզբզոցներով ու ուղղումներով շատ բարակ ու նուրբ թերթիկ:

 

Նրանց զարմանքն անսահման է եղել, երբ քրտնաջան աշխատանքից հետո, պարզել են, որ իրենց ձեռքում է հայտնվել «Փոքրիկ իշխան»-ի սևագիրը:

 

«Ես վեր թռա, երբ իմացա, որ սա «Փոքրիկ իշխան»-ի սևագիրն է»,- ասել է աճուրդի տան փորձագետ Օլիվիե Դևերը` հավելելով, որ դա շատ հուզիչ էր:

 

Ինքը` «խզբզոցի» տերը, չի էլ կասկածել, թե ինչ թանկարժեք թուղթ է գտնվում իր մոտ: Այն կարող է վաճառվել 50.000 եվրոյով: