Տեսողությունը վերականգնած փոքրիկ Եվայի ծնողները շնորհակալություն են հայտնել բարերարին
Երեքամյա Եվա Գևորգյանի հայրը՝ Գուրգեն Գևորգյանը բաց նամակ է տարածել՝ շնորհակալություն հայտնելով «Արտակ Սարգսյան» հիմնադրամին և անձամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սարգսյանին իր դստերը օժանդակելու և երեխայի տեսողության հետ կապված հիվանդության բուժումն ապահովելու համար։
Շուրջ մեկ տարի կատարակտայից տառապող երեքամյա երեխային բժիշկները միանշանակ և անհույս ախտորոշում են տվել: Երեխայի հոր խոսքով՝ Եվան չէր տեսնում նույնիսկ իր խաղալիքները, իսկ նրանց ասվել է, որ Հայաստանում չկա մասնագետ, որը կկարողանա վիրահատել աղջկան, և անհրաժեշտ է տեղափոխել Ս.Պետերբուրգ` բուժումը ստանալու համար:
Մի շարք անհատների օգնության համար ապարդյուն դիմելուց հետո հայրը նույնիսկ գրել է մի շարք խոշոր ընկերությունների, որոնք սակայն հայտնել են, որ չեն կարող օգնել:
Եվ ահա, որոշում է կայացվել փետրվարի վերջին դիմել «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամին, որտեղից էլ լիարժեք օգնություն են առաջարկել, ինչի շնորհիվ ծնողները մեկնել են Ս.Պետերբուրգ և բարեհաջող վիրահատություն և բուժում ապահովել աղջկան, ով արդեն լիարժեք տեսողություն ունի:









