ԱՄՆ-ն մոտ 4 մլն դոլար է հատկացրել Վրաստանին` ազգային ինտեգրման համար

18:33 • 26.04.12

Միացյալ Նահանգները կֆինանսավորի «Ազգային ինտեգրման խթանում» նախագիծը, որի շնորհանդեսը կայացել է այսօր, Թբիլիսիի Եվրոպայի տանը, հայտնում է Trend-ը:

 

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի խոսքով` նախագծի նպատակը հանդուրժողականության ձևավորմանն ու ազգային ինտեգրման աջակցելն է: Նախագիծը համարվում է 2006թ.-ից ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շարունակությունը:

 

«Ժամանակակից ժողովրդավարության պայմաններում անհրաժեշտ է հավասար հնարավարություններով ապահովել այլախոհ ու այլ ծագման մարդկանց, այդ թվում` ընտրական գործընթացում: Անհրաժեշտ է հարգել ինչպես նրանց հայացքները, այնպես էլ ծագումը»,- ասել է դեսպանը:

 

Նախագիծը դիտարկում է ոչ կառավարական կազմակերպության բազայի վրա երիտասարդական ակումբի ստեղծում, որը թույլ կտա տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներին շփվել միմյանց հետ: Նախագծի իրականացման համար ԱՄՆ Զարգացման միջազգային հիմնադրամը (USAID) կհատկացնի 3.75 մլն դոլար: