Գոհար Վեզիրյանն ասում է, որ լինելու է բոլորի պատգամավորը
Թիվ 12-րդ ընտրատարածքում ինքնաառաջադրված պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանը այսօր ասուլիսին նշեց, որ ընտրվելու դեպքում ինքը լինելու է քաղաքական տարբեր և անգամ կողմնորոշում չունեցող քաղաքացու պատգամավորը.
«Ազգային ժողովում ես լինելու եմ և իշխանամետ հայացք ունեցող քաղաքացու, և ընդդիմադիր, և չեզոք հայացք ունեցող քաղաքացու և առհասարակ հայացք չունեցող քաղաքացու պատգամավորը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այսօր խորհրդարանում պետք է ներկայացված լինեն երիտասարդ քաղաքական գործիչները, քանի որ «ժամանակն է, որպեսզի քաղաքական հնոտու վրա մեծ խաչ դնենք»:
«Վերջիվերջո Ազգային ժողովում եղած անգրագետների ձայնը գոնե գրագետ մարդկանցով լռեցնելը ահագին գործ կլինի»,- նկատեց նա:
Հարցին, թե կդառնա արդյոք Վեզիրյանը, անկախ ընտրութունների արդյունքներից, որևէ կուսակցության անդամ, նա պատասխանեց. «Ես անկուսակցական եմ, ինձ այս պահին չի սատարում, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը. ես ինքնաառաջադրված թեկնածու եմ և դա իմ մրցակցային առավելությունն է»:
«Հայաստանում դեռ չեմ տեսնում այն քաղաքական ուժին, որի շրջանակներում կկարարողանայի իրականացնել այն գաղափարներն ու ծրագրերը, որոնց կրողն եմ ես» ,- ավելացրեց թեկնածուն:
Հարցին, թե ինչու թիվ 12-րդ ընտրատարածքի պատգամավորները, չեն համաձայնում բանավիճել, բացի Անահիտ Բախշյանից, Վեզիրյանն ասաց, որ դա ասելիք չունենալու պատճառով է:
«Ասելիք չունեն, գան պատմեն, ո՞նց պետությունը թալանեցին, ո՞նց օլիգարխ դառան, ո՞նց կառավարության տված «ատկատով» սնվեցին, բարգավաճեցին։ Գան դա՞ պատմեն: Չեն կարող դա պատմել, ուրիշ բան էլ չունեն պատմելու»,-կարծում է լրագրողը:









