Լիբերիայի նախկին նախագահը ռազմական հանցագործ է ճանաչվել
ՄԱԿ-ի` Սիերա Լեոնեի գծով հատուկ դատարանը Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորին մեղավոր է ճանաչել պատերազմական ու մարդկության դեմ հանցագործություններում, հայտնում է BBC-ին: Թեյլորն առաջին աֆրիկացի առաջնորդն է, որի գործը քննել է միջազգային տրիբունալը:
Նախապես Թեյլորը մեղադրվում էր Սիերա Լեոնեում քաղաքացիական պատերազմի ժամանակ զանգվածային սպանությունների, երեխաներին` որպես զինվորների օգտագործման, այսպես կոչված` Միասնական հեղափոխական ճակատի ապստամբներին օգնելու ու զենքով ապահովելու մեջ:
Դատավոր Ռիչարդ Լասիկի խոսքով` դատարանը Թեյլորին մեղավոր է ճանաչել մեղադրական մի քանի կետերով միայն: Այդպես էլ չի ապացուցվել, որ Թեյլորն անդամակցել է «Միասնական հեղափոխական ճակատ»-ին, և որ ապստամբները գործել են նրա հրահանգով: Սակայն դատարանը վստահ է, որ Լիբերիայի նախկին առաջնորդը զենքով է ապահովել ապստամբներին ու նյութական աջակցություն է տրամադրել նրանց` Սիերա Լեոնիեից ստացված ադամանդների վաճառքի հաշվին:
Թեյլորի դատավճիռը կհրապարակվի ավելի ուշ: Սիերա Լեոնեում կենտրոնական կառավարության ու «Միասնական հեղափոխական ճակատ»-ի միջև քաղաքացիական պատերազմը սկսվել է 1991թ.-ին և տևել մինչև 2002թ-ը: Միասնական հեղափոխական ճակատ»-ը ձգտում էր իր ձեռքն առնել իշխանությունն ու ադամանդների հանքավայրերի հսկողությունը: Պատերազմին զոհ է գնացել ավելի քան 100 հազ մարդ:









