ԲՀԿ–ն հնարավոր է հայտնի տեսահոլովակների հարցով իր իրավունքները վիճարկի դատարանում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ կայքերից մեկում երեկ զետեղված մի հոդվածի կապակցությամբ իրենց իրավունքները վիճարկեն դատական կարգով:
Նման քայլի կդիմեն, եթե լրատվամիջոցը շարունակի իր «անհեթեթ, անպատասխանատու և սադրիչ հայտարարություններ տարածելու աշխատաոճը»։ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելեց նաև, որ լրատվամիջոցը, որը գրում է, թե ՀՀԿ-ի դեմ իրականացված սև PR-ը արվել է ԲՀԿ-ի կողմից, պետք է կարողանա ապացուցել իր պնդումը:
Նշենք, որ լրատվական կայքերից մեկը, հղում անելով իրեն հասած տեղեկություններին, գրել էր, որ ՀՀԿ-ում պարզել են, որ համացանցում անհայտ հեղինակների տարածած «Արտագաղթ. ոճրագործություններ», «Արտաքին պարտք. ոճրագործություն» և «Բանակ. ոճրագործություն» խորագրերով մոտ 3-րոպեանոց տեսահոլովակների պատվիրատուն ԲՀԿ-ն է:
«Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով, ՀՀԿ-ականներն այս ամենի մասին ներկայացրել են Սերժ Սարգսյանին, ով հանձնարարել է անհապաղ պարզել դրանց հեղինակներին: Պարզվել է միայն, որ դա ԲՀԿ-ի կողմից է արվել, որից հետո Սերժ Սարգսյանը հանձնարարել է համապատասխան ձևով արձագանքել դրան»,- նշվում է հոդվածում:
Հիշեցնենք, որ տեսահոլովակներում պատկերների և թվերի համադրությամբ ներկայացվում են վերջին 10 տարիների արտագաղթի, արտաքին պարտքի, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների վիճակագրական փաստեր:
«Մենք ինքներս երկու տարին մեկ ատոմային ռումբ ենք գցել մեր վրա, ամեն երկու տարին մեկ Սպիտակի երկրաշարժ արել….» ,- եզրակացություն է արվում տեսահոլովակներից մեկում, որում, մասնավորապես համեմատության մեջ է դրվում Սպիտակի երկրաշարժի զոհերի թիվը՝ 26 000 և վերջին 10 տարիների արտագաղթի միջին ցուցանիշը՝ տարեկան 13 000:
Նշենք, որ տեսահոլավկներում հնչող ձայնը Հայ ազգային կոնգրեսի համակիր Աշոտ Ադամյանինն է: Tert.am –ի հետ զրույցում դերասանը հաստատեց, որ դա իրենն է:
Սակայն ի պատասխան այն հարցին, թե ո՞վ է պատվիրել այդ մեղադրանքները, դերասանն ասաց. «Ես որևէ տեղեկություն չունեմ՝ ԲՀԿ-ն է, ՀՀԿ-ն, թե՞ «ՉՀԿ»-ն: Կարևորը՝ ես հավանել եմ հաղորդման տեքստը, որ ստացել եմ ու կարդացել, քանի որ դրա հետ համաձայն եմ 1000 տոկոսով»:









