Ընտրացուցակներում ծննդյան «00/00» տվյալների առկայությունը բացթողում չէ. Ոստիկանություն

16:07 • 26.04.12

ՀՀ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որով պարզաբանում է www.zham.am ինտերնետային կայքի ՝ ««00/00» տվյալներով քաղաքացիներ ընտրացուցակներում` ովքեր են նրանք» հոդվածը, որում «խախտումներ» և «բացթողումներ» են որակվել «00/00» տվյալներով ընտրողների առկայությունը ընտրացուցակներում:

Ոստիկանությունը պարզաբանում է. «Տեղեկացնում ենք, որ հիշյալ հարցի առնչությամբ ոստիկանությունը մի շարք պարզաբանումներ է տվել: Հարկ ենք համարում կրկին իրազեկել, որ «00/00»-ի առկայությունը ոչ թե բացթողում է, այլ` օրինաչափություն:

 

ՀՀ-ում 52984 ընտրողների անձնագրավորման համար հիմք հանդիսացած ինքնությունը հաստատող փաստաթղթերում (ծննդյան վկայականներում, ԽՍՀՄ քաղաքացու անձնագրերում) բացակայում են ծննդյան օրվա և ամսվա վերաբերյալ տվյալները: Որպես կանոն, այդ տվյալները բացակայում են տարեց և խորհրդային շրջանում հայրենադարձված քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում:

 

Մինչև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների հիմնադրումը, ՀԽՍՀ գյուղական շրջանների բնակիչների ծնունդը գրանցվում էր գյուղական խորհուրդներում: Ծնունդը գրանցելիս հաճախ նշվել է միայն բնակչի ծննդյան տարեթիվը: Միայն ծննդյան տարեթիվ են պարունակել նաև ԽՍՀՄ հայրենադարձված սփյուռքահայերի (իրանահայերի, լիբանանահայերի, սիրիահայերի և այլն) ԽՍՀՄ անձնագրերը:

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո (1995 թ. նոյեմբերի 6), երբ ՀԽՍՀ բնակիչները ճանաչման եղանակով ձեռք բերեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, նրանց անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները (միայն ծննդյան տարեթվով) օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում»,-ասված է ՀՀ ոստիկանության պարզաբանման մեջ: