Ոստիկանությունը հերքում է hayeli.am–ի հրապարակումը

09:47 • 26.04.12

Ոստիկանությունից Tert.am-ին հայտնում են, որ իրականությանը չի համապատասխանում hayeli.am կայքի այն հրապարակումը, ըստ որի, Արագածոտնի մարզի Ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը շրջում է տնետուն և բնակիչներից պահանջում գալիք խորհրդարանական ընտրություններին ընտրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը։
Tert.am-ը փորձեց ճշտել, թե արդյոք հրապարակման հիման վրա Ոստիկանությունը ծառայողական քննություն է իրականացնելու, սակայն Ոստիկանությունից հայտնեցին, որ հրապարակման մեջ սխալ են նշված գյուղի, մարզի, պաշտոնյանի ազգանունը:


Ոստիկանությունից նախ հայտնեցին, որ Արագածոտնի մարզում Արծավան գյուղ չկա, ապա նշեցին, որ Արթուրի ազգանունը ոչ թե Հովհաննիսյան է, այլ Գրիգորյան և վերջինս ոչ թե Արագածոտնի, այլ Կոտայքի մարզի Ոստիկանության վարչության պետի տեղակալն է: