ԱՄՆ Սենատում Մեծ եղեռնի զոհերի հիշատակի միջոցառում է անցկացվել

18:46 • 26.04.12

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ավելի քան 20 ԱՄՆ սենատորներ և Ներկայացուցիչների պալատի անդամներ: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

 

Սենատում կայացած միջոցառման շրջանակներում սուր քննադատության է ենթարկվել նախագահ Օբամայի վարչակարգի մերժողական քաղաքականությունը, ինչպես նաև Հայոց եղեռնը պատշաճ կերպով դատապարտելու խանդավառ կոչեր են արվել: Ուշագրավ էմ որ միջոցառումից հետո բազմաթիվ պաշտոնյաներ գրառումներ են արել սոցիալական կայքերի իրենց հաշիվներում ու լուսանկարներ տեղադրել:

 

Միջոցառումը վարել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քահանա Արտաշես Քասսախյանը: Մասնակիցների թվում էին՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Ֆրենկ Լաութենբերքը և Ջեք Ռիդը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջո Բաքան, Հովարդ Բերմանը, Ֆրենք Փալոնեն, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփեյերը և Բոբ Թերները:

 

Տպավորիչ ելույթով առանձնացել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Նրանք մասնավորապես խոսել են Ցեղասպանության հիշատակմանը նվիրված ամենամյա միջոցառման և Ցեղասպանության միջազգային ճանաչման համար գործադրվող ջանքերի կարևորության մասին:

 

Այնուհետև ելույթ են ունեցել կոնգրեսական Թոմ Էնդրյուսը, սենատոր Փոլ Սարբանեսը և Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:

 

Միջոցառմանը հրավիրված էին նաև Օբամայի աշխատակազմի պաշտոնյաները, սակայն նրանք չէին ներկայացել,հավանաբար, քաղաքական նկատառումներից ելնելով: