Շվեդ թոշակառուն «պատահմամբ» ընթրել է նախարարների հետ

16:59 • 26.04.12

Շվեդիայում թոշակառուին հաջողվել է ներկա գտնվել նախարարների պաշտոնական ընթրիքին, գրում է The Local-ը: 67-ամյա թոշակառու Մարգարեթ Վինբերգն իր անունով համապատասխան հրավեր է ստացել, սակայն հետագայում պարզվել է, որ հրավիրատոմսը պետք է ուղարկվեր իր անվանակից Գյուղատնտեսության նախկին նախարար ու փոխվարչապետին:

 

Ինչպես պատմել է թոշակառուն, նա կարծել է, թե իրեն հրավերն ուղարկել են նախկին աշխատավայրից:

 

«Ես կարդացի, որ կլինի ընդունելություն, որի ժամանակ կքննարկվի շրջակա միջավայրի խնդիրը»,- ասել է Վինբերգը` հավելելով, որ նա որոշել է անպայման մասնակցել:

 

Երբ նա այցելել է նշված հասցեով, միջոցառման կազմակերպիչներն ու Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարը հասկացել են, որ սխալ է տեղի ունեցել, սակայն «ոչ իրական» Վինբերգին չեն վռնդել ու թույլատրել են մասնակցել կառավարական միջոցառմանը:

 

Միջոցառումից հետո նա պատմել է, որ ընդունելությանը շատ մարդ էր հրավիրված, և նա ուշադիր լսել է բոլորին: Նրա «սրտով» է եղել նաև ճաշացանկը: Իսկ «իրական» Վինբերգը, կատարվածը մեկնաբանելով, ասել է, որ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել. «Նա երբեք չի եղել նման միջոցառման, իսկ ես եղել եմ»: