Զոլյանը՝ «կիսագրագետներ»,«մանկուրտներ» խոսքերով է դիմում կոլեգաներին. ԵՊԼՀ դասախոս

15:53 • 26.04.12

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոսների 90 տոկոսը ոչ միայն չի պաշտպանում բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին, այլև տարիներ շարունակ ենթարկվել է նրա՝ բուհում ստեղծած «ռեպրեսիվ և ահաբեկչական» մթնոլորտին:


Tert.am-ի հետ զրույցում Անգլերենի հաղորդակցման ամբիոնի ավագ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Քրիստինե Սողիկյանն ասաց, որ մինչ այս լրատվամիջոցներով ներկայացվել է միայն Զոլյանի կողմնակիցների տեսակետը և անտեսվել է դասախոսների 90 տոկոսի կարծիքը:


Այն պնդումը, թե չափազանցված չէ՝ 90 տոկոս հակազոլյանականների մասին հայտարարությունը, Քրիստինե Սողիկյանը, փորձեց հիմնավորել պարզ թվաբանությամբ. այն է՝ Քրիստինե Սողիկյանի տվյալով, բուհի «Ազատ դասախոսների մանիֆեստ»-ի տակ ստորագրել է 45 դասախոս, բայց չէ՞ որ բուհում դասավանդում են 400-ը: Հետևաբար, Զոլյանի կողմնակիցները կազմում են, ընդամենը, 10 տոկոս:


Քրիստինե Սողիկյանը հայտարարեց, որ նախկին ռեկտորը բուհում տարիներ շարունակ «ռեպրեսիվ և ահաբեկչական» մթնոլորտ է ստեղծել՝ «ընդհուպ այն աստիճան, որ մարդիկ իրավունք չեն ունեցել խոսել և արտահայտել իրենց կարծիքը և միակ «ճշմարտությունը»՝ պարոն Զոլյանն էր»:


Շատերին էլ, ըստ Քրիստինե Սողիկյանի, Զոլյանն անվանել է «անգրագետներ»., «կիսագրագետներ »,«մանկուրտներ»,«նեղմիտներ», ինչպես և՝ Գայանե Գասպարյանին՝ բուհի դասախոսական կազմին ներկայացմանը մասնակցած դասախոսներին, կայքերից մեկով անվանել էր «պատահական մարդիկ» կամ «մասնագիտապես չկայացածներ»:


«Եթե Սուրեն Զոլյանը գտնում է, որ դասախոսների 90 տոկոսը կայացած չեն, ապա ինչպե՞ս է այսքան տարի նրանց հետ պայմանագիր կնքել, և ինչպե՞ս են այս դասախոսները ներկայացրել ԵՊԼՀ-ն ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային կոնֆերանսներում»:


Քրիստինե Սողիկյանն ասում է, որ շնորհակալ է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից՝ Զոլյանին աշխատանքից ազատելու՝ «գուցե մի փոքր ուշացած, սակայն շատ տեղին հրամանագրի համար», որովհետև կատարվածը, նրա խոսքով, արձագանքն էր երեք տարի շարունակ ԵՊԼՀ-ից Կրթության նախարարությանն ուղղվող բողոք-նամակների:
Ինչ վերաբերում է Սուրեն Զոլյանի կողմից բուհի ռեկտորի պաշտոնակատարին աշխատասենյակ չտրամադրելուն, ապա սա արդեն Գայանե Գասպարյանը համարում է, որ դրանով Սուրեն Զոլյանն անցնում է բարեկրթության բոլոր սահմանները։
Ի պատասխան վերջին մեղադրանքի, այսօր ուսանողներին Կալինիգրադ մեկնելուց առաջ ցտեսություն ասելու համար բրյուսովցիների ցույցին միանալու շտապող Սուրեն Զոլյանը Tert.am –ի հետ զրույցում նշեց, որ ինքը երեկ նույնիսկ բուհում չի էլ եղել:


Ինչ վերաբերում է բուհի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանի հայտարարությանը , թե Սուրեն Զոլյանին ուսանողները պաշտպանում են, որովհետև նրանց ներշնչվել է, որ Բրյուսովի ինստիտուտի շենքը վաճառվելու է և իրենք էլ միանալու են այլ բուհի, ապա Սուրեն Զոլյանը չպատասխանեց և շրջվելով ուսանողների բազմությանը կողմը՝ խնդրեց, որ նրանք բացատրեն: Ուսանողները հերքեցին, իրենց նման բան ներշչվելը և հայտարարեցին, որ իրենց հայտնի է, թե ինչ հերթականությամբ՝ ինչ ստեր պետք է տարածվեն: