Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը չի ցանկացել դառնալ «խամաճիկ» ու «խեղկատակ»
Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոչ արեց բոլոր վտարանդի հայերին, ովքեր մազապուրծ են եղել ադրբեջանական ագրեսիայից, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ցուցաբերեն չեզոքություն:
«Կոչ եմ անում բոլոր ադրբեջանահայերին, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջնորդվել սեփական ազատ կամքի թելադրանքով:Մենք համոզված ենք, որ խիղճն ու հոգին չեն վաճառվում և մենք առաջնորդվում ենք հայրենիքի վեհ գաղափարով»,- ասաց Գրիգորի Այվազյանը:
Վերջինս հիասթափված ընդգծում է՝ որևէ քաղաքական ուժ իր ծրագրի մեջ չի արձագանքել ադրբեջանահայերի խնդրին:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը նաև տեղեկացրեց, որ որոշ քաղաքական ուժեր իրեն առաջարկել են տեղ զբաղեցնել իրենց համամասնական ցուցակներում, սակայն ինքը հրաժարվել է, որպեսզի, իր իսկ խոսքով, հանկարծ չդառնա «խամաճիկ».
«Ես դառնալու էի այդ ուժերի խամաճիկը, ես դառնալու էի նրանց կամակատարը, սակայն ես չցանկացա դառնալ նրանց խեղկատակը»,-ասաց Գրիգորի Այվազյանը:
Իսկ թե ո՞ր քաղաքական ուժերն են իրեն առաջարկել տեղ ունենալ համամասնական ցուցակում, Այվազյաը չցանկացավ ասել:
Վերջինս դժգոհեց, որ 25 տարի շարունակ ադրբեջանահայերի սոցիալ-կենցաղային պայմանները շարունակում են մնալ անտանելի, նրանց կարիքներին ուշադրություն չի դարձվել, ոչ ոք չի ցանկացել նրանց լսել՝ չնայած դիմել են բոլոր քաղաքական ուժերին.«Հետևաբար, մենք չենք հարում որևէ քաղաքական ուժի»,-եզրափակեց Գրիգորի Այվազյանը:









