Կնքվեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վերակառուցման և բարելավման պայմանագիրը

17:49 • 27.04.12

ՀՀ կառավարությունում այսօր տեղի ունեցավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ-1»՝Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ, Տրանշ-2՝Աշտարակ-Թալին ճանապարհների վերակառուցման և բարելավման պայմանագիրի ստորագրման արարողությունը:


Արարողությունից հետո ծրագրի մասին պարզաբանումներ տվեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, CORSAN CORVIAM Construccion (Իսպանիա) ընկերության նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:


Մանուկ Վարդանյանն իր խոսքում նշեց, որ այս ծրագրի իրականացմանը երկար են սպասել: «Միջազգային չափանիշներին համապատասխանող, բետոնածածկույթով ավտոմոբիլային ճանապարհը 550 կմ է: Համաձայնագրի ստորագրմամբ, Ասիական զարգացման բանկը Տրանշ 1-ին տրամադրում է 60 մլն դրամ, կառավարությունը 10 մլն ԱՄՆ դոլար, իսկ Տրանշ 2-ին 170 մլն ԱՄՆ դոլար տրամադրել է ԱԶԲ-ն (Ասիական զարգացման բանկ), ՀՀ կառավարությունը` 40 մլն դոլար»:
Վարդանյանը նաև նշեց, որ նախագծով նախատեսվում է առավելագույնը ապահովել 100 կմ/ժ արագությամբ և 4 երթևեկելի գոտիներով արագընթաց մայրուղի:


CORSAN CORVIAM Construccion ընկերության նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինն իր խոսքում նշեց, որ իրենց ընկերության համար մեծ պատիվ է աշխատել այս ճանապարհերի կառուցման վրա:


«Այժմ մենք աշխատում ենք 25 երկրներում ողջ աշխարհում։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախարարությանը՝ այս կարևոր գործում վստահության համար: Սա առաջին նախագիծն է, որ իրականացնում ենք և հուսանք, որ վերջինը չէ: Մենք պետք է միասին աշխատենք նախարարության հետ և ավարտենք 36 ամսում: Սա, կարծես, մեզ համար մարտահրավեր է»,- նա։


Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը նկատեց, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման նպատակն է Հայաստանի և Իրանի սահմանային հատման կետից մինչև Հայաստանի և Վրաստանի սահմանային կետերը ավտոճանապարհով իրար կապելը»:


Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման բանկի միջև 2009թ-ի սեպտեմբերի 15-ին կնքվել է շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, որից Ասիական զարգացման բանկի հատկացրած գումարը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար: