Հերթական ապատեղեկատվությունն է, որին նորմալ եմ վերաբերվում. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցությունը կարիք էլ չի զգում մեկնաբանելու կուսակցության և աղանդավորների կապերի մասին շրջանառվող խոսակցությունները, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
«Հերթական ապատեղեկատվությունն է, նորմալ եմ վերաբերում: Էդքան ապատեղեկատվությանը թող մի հատ էլ ավել լինի, չի խանգարի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը, ով առաջադրվել է Աջափնյակն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Երկիր» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ո՞ր կուսակցությունները կանցնեն խորհրդարան, բառացիորեն ասել էր.«ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, նաև ՕԵԿ-ը: Իր ձայներն առաջիկայում կավելացնի ՀՅԴ-ն: Իմ ուսումնասիրությունների համաձայն՝ բոլոր աղանդավորները հարում են «Ժառանգությանը», ինչն էլ կարող է որոշիչ լինել կուսակցության ձայների վրա: Շատ կցանկանայի, որ ՀԱԿ-ն էլ անցնի»:
Այս համատեքստում հաճախ է նշվում «Ժառանգության» հետ հատկապես Հայ ավետարանչական եկեղեցու և համանուն ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Ռենե Լևոնյանի կապերի մասին:
Արմեն Մարտիրոսյանն, ասելով, որ տեղյակ չէ՝ որ խումբը որ քաղաքական ուժին է սատարում, հարում կամ ընտրում, հավելեց.«Բոլորը, ովքեր ՀՀ քաղաքացի են, ունեն ընտրության իրավունք և իրենց ընտրությունը գաղտնի է: Ուստի՝ մնացածը գուշակությունների ոլորտից է, որի մեկնաբանությունը ես չունեմ ու չեմ կարող»:
Արմեն Մարտիրոսյանը ձեռնպահ է մնում տարիքով ավագ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի ՝«թող էշի տեղ չդնեն» հայտարարությունը մեկնաբանելուց: Հիշեցնենք, այսօր Տիգրան Կարապետյանն այսպես էր ասել՝ անդրադառնալով հանձնաժողովների տեղերը այլ անձանց տրամադրելու հետ կապված այն մեկնաբանություններին, թե տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ:
Նորից նույնը կրկնելով, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ եթե նման ցանկություն լիներ, ապա իրենք 1930 տեղամասերը կտային ու չէին «մտածի, թե Տիգրան Կարապետիչը ինչ է ասում»: Այնպես որ, Արմեն Մարտիրոսյանը հաջողություն է մաղթում բոլոր նրանց, ովքեր իր խոսքով ՝բուռն «քաղաքական ֆանտազիա» ունեն:









