Ժամը 18:00-ին կմեկնարկի Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների 9-րդ հանրապետական մրցույթ փառատոնը

17:57 • 27.04.12

Այսօր, քիչ անց` ժամը 18:00-ին, կմեկնարկի մեծն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների 9-րդ հանրապետական մրցույթ- փառատոնը: Մինչ փառատոնի սկիզբը մրցույթի մասնակիցները, նրանց ծնողներն ու ուսուցիչները հարգանքի տուրք մատուցեցին երգահանի արձանի մոտ. ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով, այնուհետ՝ լուսանկարվեցին հուշարձանի մոտ:


Առնո Բաբաջանյանի անվան հիմնադրամի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Ժակ Հակոբյանը, դիմելով մրցույթի մասնակիցներին, շնորհավորեց երեխաներին և հույս հայտնեց, որ նրանք կշարունակեն մեծ կոմպոզիտորի գործը:
«Շատ հետաքրքիր մրցույթ է, բոլորդ էլ հաղթող եք լինելու` անկախ նրանից կանցնեք, կշահեք մրցանակ, թե ոչ. միայն մասնակցությունը նման մրցույթում՝ արդեն իսկ հաղթանակ է: Ուզում եմ մաղթել ձեզ հաջողություն: Նվագեք այնպես, ինչպես ձեզ սովորեցրել են ձեր ուսուցիչները»,-ասաց Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Միրզոյանը:


Պատանի դաշնակահարների 9-րդ հանրապետական մրցույթը անցկացվում է 3 տարին մեկ անգամ:
Ժակ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչ մրցույթի մեկնարկը` ժամը 17:00-ին, տեղի է ունենալու վիճակահանություն, որպեսզի պարզ լինի, թե որ մասնակիցը, ե՞րբ է ելույթ ունենալու:
«Մրցույթին մասնակցում են 75 մասնակիցներ, նաև Արցախից, Ջավախքից, երկու խումբ է լինելու առաջինը` մինչև 12 տարեկանները, երկրորդը` մինչև 16 տարեկանները»,-ասաց Ժակ Հակոբյանը:


Նա նշեց, որ մրցույթը կավարտվի մայիս 3-ին և այդ օրը հայտնի կլինեն հաղթողները: Հակոբյանի տեղեկացմամբ՝ նախատեսված են բազմաթիվ մրցանակներ:
«Շատ մրցանակներ կան, առաջին 6 տեղերի համար՝ դրամական պարգևատրումներ: Առնո Բաբաջանյանի հիմնադրամը տվել է երկու առանձին մրցանակ Բաբաջանյանի ստեղծագործությունները լավագույն կատարողի համար՝ առաջին և երկրորդ տարիքային խմբերի համար»:


Նա նշեց, որ «Անտարես» հրատարակչությունը որպես մրցանակներ նախատեսել է նաև գրքեր՝ մասնակիցների և նրանց ուսուցիչների համար, իսկ Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ Դիլիջանի հանգստավայրում հանգստանալու ուղեգրեր: