Խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտգործնախարարությունների միջև
Ապրիլի 27-ին Երևանում տեղի ունեցան Հյուսիսային Ամերիկայի հարցերով Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ:
Ըստ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության՝ ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը ղեկավարում էր Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը` արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Վերջինս ընդգծել է խորհրդակցությունների անցկացման կարևորությունը և հայկական կողմի հետաքրքրվածությունը դրանց անցկացման հարցում: Արձանագրելով օրեցօր մեծացող գլոբալ մարտահրավերների առաջացման փաստը` նա նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է ԱՄՆ և Ռուսաստանի միջև հարաբերությունների կայուն զարգացմամբ, քանի որ դրանք անմիջական ազդեցություն ունեն Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի անվտանգության և կայունության վրա:
Ալեքսանդր Դարչիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ նման խորհրդակցությունները հատկապես կարևոր են կողմերի համար` ելնելով ռազմավարական դաշնակցային հարաբերություններից:
Այնուհետև Դարչիևը համառոտ ներկայացրել է Ռուսաստանի և Հյուսիսային Ամերիկայի երկրների միջև հարաբերությունների վերջին զարգացումները, Աֆղանստանում կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, Սիրիայում ստեղծված իրավիճակին և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:









