Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 270 անդամ մասնակցել է IFES-ի դասընթացին

12:29 • 27.04.12

Ընտրական համակարգի միջազգային հաստատությունը (IFES) ապրիլի 15-ից Հայաստանում դասընթացներ է անցկացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 270 անդամների հետ, այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց IFES-ի հայաստանյան ծրագրի տնօրեն, միջազգային դիտորդ Մայքլ Գետոն:

Նա նաև նշեց, որ նման դասընթացներ կանցկացվեն նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների պաշտոնյաների հետ:

 

Հարցին՝ թե ԸԸՀ անդամներն ի՞նչ չգիտեին և ի՞նչ սովորեցին դասընթացների արդյունքում, Գետոն պատասխանեց. «Ընտրական վարչարարության հետ կապված ընդհանուր դրույթներն ենք ուսուցանել: Սա շարունակական կրթություն է: Օրենքների, կանոնակարգերի փոփոխության մասին ենք տեղեկացնում»:

 

Մ. Գետոն ասաց նաև, որ IFES-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որը դեռ 90-ականների կեսերից աշխատում է Հայաստանում: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընկերությունը, բացի կրթական դասընթացներից, նրա խոսքով, նաև այլ ուղղությամբ է աշխատանքներ տանելու:

 

«Ստեղծել ենք «armelections.info կրթական ուղղվածություն ունեցող կայք, որտեղ ընտրողը կարող է ստանալ իր բոլոր պատասխանները ընտրական գործընթացների մասին: Մենք հրապարակում ենք նաև պաստառներ, ձեռնարկներ, թռուցիկներ ընտրությունների վերաբերյալ: Այսինքն, նպատակ ունենք ընտրողին տալ այն անհրաժեշտ ինֆորմացիան, որը պետք է ընտրություններին մասնակցելու համար»,- ընդգծեց միջազգային դիտորդը:

 

Մայքլ Գետոյի տեղեկացմամբ, իրենք աշխատում են նաև Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության հետ, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց գրանցումը հաստատել ընտրություններին մասնակցելու համար:

Նախընտրական մյուս աշխատանքը, որը պատրաստվում է իրականացնել IFES-ը, նախընտրական շրջանում նպաստել բանավեճի մշակույթի ձևավորմանը:

 

Հարցին, թե, ըստ դիտորդի, ինչպիսի՞ պատկեր կունենան հայաստանյան ԱԺ ընտրությունները, վերջինս զերծ մնաց կանխատեսումներից:

Իսկ ԱՄՆ-ո՞ւմ ինչպես են ընթանում ընտրական գործընթացները, լինո՞ւմ են, արդյոք, խախտումներ, միջազգային դիտորդն ասաց, որ ոչ մի երկրի ընտրական համակարգ կատարյալ չէ։

 

«Դիտորդական առաքելության իրականացման պատճառն այն է, որ ընտրությունները լինեն բաց և թափանցիկ: Ցանկացած երկրում ընտրական գործընթացները շատ լուրջ միջոցառում են: Մենք նաև տեխնիկական աջակցություն ենք տրամադրում, որ խախտումները հասնեն նվազագույնի, բայց ոչ մի համակարգ կատարյալ չէ, քանի որ կազմված է մարդկանցից, իսկ մարդիկ կատարյալ չեն»,- նկատեց միջազգային դիտորդ Գետոն: