Դեմկուսը ևս միանում է ՀՀԿ-ի առաջարկած քաղաքակիրթ ընտրությունների փաստաթղթին

11:53 • 27.04.12

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդը հայտարարություն է տարածել այն մասին, որ կուսակցությունը, կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդար և ազատ մրցակցության սկզբունքներով անցկացումը, իր հավանությունն է տալիս քննարկված փաստաթղթին և հետևելու է նրանում ամրագրված կանոնների պահպանմանը:

Փաստաթղթին իրենց հավանությունն են տվել և միացել «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը ապրիլի 19-ին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ էր հրավիրել: Նիստում կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը կարևորել էր քարոզարշավի հանդուրժողականության և ժողովրդավարության մթնոլորտում անցկացնելու անհրաժեշտությունը: Քննարկման արդյունքում ՀՀԿ-ն ներկայացրել էր «Ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ» փաստաթղթով:

Սույն կանոնները կոչված են ապահովելու ընտրական գործընթացի մասնակիցների քաղաքակիրթ մրցակցությունը` ընտրությունների ազատ և արդար անցկացման նպատակով, ինչպես նաև, ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը: