Դնեպրոպետրովսկում պայթյունների թիվը հասել է 10-ի (թարմացված)
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում պայթյունների թիվը հասել է 10-ի, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն` վկայակոչելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:
Գործակալության հաղորդմամբ` վիրավորների թիվը հասել է 27-ի, նրանցից 9 երեխաներ են: Վիրավորներից 25-ը տեղափոխվել է հիվանդանոց, 12-ի վիճակը միջին ծանրության է, իսկ մեկը ներկայում վիրահատվում է` բժիշկներն անդամահատում են տուժածի ձեռքը: Ըստ Life News-ի հրապարակած ցանկի` վիրավորների թվում հայեր չկան: Ավելի վաղ հաղորդվում էր 4 պայթյունի ու 15 վիրավորի մասին:
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները` քաղաքում խուճապ է սկսվել: Կենտրոնական կանգառներում ու բոլոր մետրոկայարանների մուտքի մոտ ոստիկաններ են, որոնք ուղևորներին խնդրում են չօգտվել տրանսպորտային միջոցներից:
Քաղաքում բջջային կապն անջատված է:
Դատախազությունը հարուցել է քրեական գործ` «ահաբեկչություն» հոդվածով:









