Երևանում կմեկնարկի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնը

14:23 • 27.04.12

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը կմեկնարկի վաղը՝ ապրիլի 28-ին, և կշարունակվի մինչև մայիսի 26-ը:


Փառատոնի հիմնադիրներից Մարիամ Շահինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 2012թ-ը Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու միջոցառումներին Հայաստանի Ազգային պատկերասրահի ներգրավվածության պատճառով, այս տարի փառատոնը կանցկացվի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը:
«Մենք հպարտությամբ զիջում ենք մեր սրահը գրքի տոնին և դա չի կարող խոչընդոտ լինել փառատոնի անցկացման համար»,-ասաց Մարիամ Շահինյանը:


ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը մի քանի նպատակ ունի: Դրանք են՝ հայ մշակութասեր հանրությանը ներկայացնել հայ և միջազգային կոմպոզիտորների աշխատանքները և դրանք ներկայացնել բարձրորակ երաժիշտների ու կատարողների միջոցով:
«Այս փառատոնը կարծես արվեստի տարբեր ճյուղերի փոխլրացում լինի, ինչն ավելի գեղեցիկ դարձնում այն: Բացի այն, որ հանրությունը հնարավորություն ունի ունկնդրել բարձրաճաշակ երաժշտություն, այլ նաև ծանոթանալ նաև արվեստի այլ բնագավառների հետ»,- ասաց նա:


«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնը հանրությանը կներկայանա 6 համերգաշարով, որի շրջանակներում ելույթ կունենան աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերման, «Ակլարդիոն» դուետը, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, Թբիլիսիի Ազգային օպերային թատրոնի մեներգիչների «Սուլիկո» համույթը:


Մարիամ Շահինյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում դաշնակահար Բորիս Բերմանը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հանդես կգա վարպետության բաց դասերով:


Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, ով իր խորհուրդներով օգնել է փառատոնի կազմակերպիչներին: «Ես մեծ ուրախություն եմ ապրում, որ շարունակվում է փառատոնի ավանդույթները»,- ասաց նա:


Փառատոնն իրականացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ամենամյա և շարունակական (2006թ) հովանավորության շնորհիվ: