Սերժ Սարգսյանը Մարտունիում 20 րոպե չի կարողացել հեռանալ. ՀՀԿ շտաբի Գեղարքունիքի պատասխանատու
Գեղարքունիքի Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում կտրականապես հերքեց մամուլում այսօր տեղ գտած տեղեկատվությունը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մարտունիում «խայտառակ ընդունելության» է արժանացել:
«Ճիշտն ասած, ես տարիներ առաջ նման լուրեր կարդալիս զարմանում էի, հիմա չէ, առավել ևս նախընտրական քարոզարշավի ժամանակ: Ուրեմն, անձամբ ներկա եմ եղել և ուղեկցել եմ նախագահին, և Մարտունիում շատ ջերմ ընդունելություն է տեղի ունեցել. բոլորը ծափողջյուններով դիմավորել են ՀՀ նախագահին, բավականին մեծ զանգված էր հավաքվել, նախագահի ելույթից հետո շուրջ քսան րոպե և ավել ՀՀ նախագահը չի կարողացել հեռանալ, զրուցել է մարդկանց հետ»,- ասաց ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության պատասխանատուն:
Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակի» մի հրապարակման համաձայն՝ երեկ «Մարտունու Մյասնիկյանի հրապարակ բերված ուսանողներն ու աշակերտները» Սարգսյանին դիմավորել են «Լե-ւոն, նախա-գահ» վանկարկումներով, չնայած նրանց հրահանգած են եղել Սերժ Սարգսյանին տեսնելիս ծածանել իրենց ձեռքի դրոշները և վանկարկել` «նա-խա-գահ»: Հավելվում է, որ տեսնելով կիսադատարկ հրապարակը, առանց դրա էլ խիստ նեղսրտած Սարգսյանը հինգ րոպեանոց ելույթ է ունեցել և Մարտունու քաղաքապետի հետ հեռացել` ըստ ականատեսների՝ նույնիսկ իր բերած ծաղկեպսակը չդնելով Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանի մոտ: Իսկ քաղաքապետարանում, ինչպես թերթին փոխանցել են Մարտունու իր աղբյուրները, Սարգսյանը տեղի ունեցածի վերաբերյալ մոտ 40 րոպեանոց խոսակցություն է ունեցել ու հեռացել:
Ռաֆիկ Գրիգորյանը հավելեց, որ Սերժ Սարգսյանը քաղաքապետարանի շենք բարձրացել է համաձայն ծրագրվածի, այն է Հանրապետական կուսակցության գրասենյակում հանդիպում հանրապետական շտաբի պետերի հետ»:
ՀՀԿ-ականը հայտնեց, որ այսօր բազմաթիվ մարտունեցիներ զանգահարել են իրեն, դժգոհել, ու հայտնել, որ բողոքի նամակներ են ուղարկել «ՀԺ» խմբագրություն:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ևս երեկ ուղեկցում էր նախագահին Գեղարքունիքի մարզում, իր կողմից ևս Tert.am –ի հետ զրույցում նշեց. «Դա ամբողջապես հերյուրանք է, ապատեղեկատվություն և սուտ»:
Հրանուշ Հակոբյանը անդրադառնալով լրատվամիջոցին՝ նշեց. «կարծում եմ՝ իրեն ցանկալի ձևով է ներկայացրել այն, ինչ չկա»:









