Դաշնակցությունը խնդրեց Ռուբեն Հախվեդյանին իր «պրովոկացիոն» հարցերն ուղղել Րաֆֆի Հովհաննիսյանին
«Ինձ հետաքրքիր է, ինչպես է վերաբերվում Դաշնակցությունը քաղաքական ահաբեկչությանը»,-այսօր Դաշնակցության՝ մտավորականների հետ հանդիպմանը հետաքրքրվեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը և մտավախություն հայտնեց, որ հանրապետականները հնարավոր է վերընտրվեն. «Որովհետև արդեն դանակը ոսկորին են հասցրել»:
Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ նախ իրենք սեփական պետության մեջ թշնամիներ չեն փնտրում և հետո ավելացրեց. «Դուք վերջին շաբաթներին ինչ-որ երգեր եք գրում այլ քաղաքական ուժերի համար, և այդ հարցը խնդրում եմ տալ Րաֆֆի Հովհաննիսյանին»:
Հախվերդյանը հակադարձեց. «Երգը ժողովրդինն է, և որևէ կուսակցության մեջ մի դրեք իմ երգը: Դա բոլորինն է, նույնիսկ հանրապետականներինը»:
Վահան Հովհաննիսյանը խնդրեց «պրովոկացիայի չենթարկել իրենց» և մնալ նշված արվեստի ասպարեզում, իսկ մինչ այդ տարբերակեց, թե ինչ ասել է ահաբեկչություն. «Եթե ինչ-որ մի ահաբեկիչ պայթեցնում է Երուսաղեմում սրճարան, որտեղ կարող են երիտասարդներ լինել, ինքն ահաբեկիչ է, իսկ եթե դրա հաջորդ օրը իսրայելական տանկերը սկսում են սղոցել, քանդել այդ ահաբեկչի գյուղը, և այդ ահաբեկչի հայրը դուրս է գալիս զենքով պաշտպանելու, ինքն արդեն ահաբեկիչ չէ: Դրանք նուրբ և բարդ մատերիալներ են, և ես կարծում եմ, որ Դուք ավելի ճիշտ կլինի մնաք արվեստի ասպարեզում, և հայտարարեք, որ երգը բոլորինն է»,- ասաց նա:
Հախվերդյանը պատասխանից գոհ էր այնքանով, որ լավ հասկանում էր, որ իրավունք չունեն ասելու, որ ահաբեկչությանը կողմ են: Արդեն առանձին Tert.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ ահաբեկչություն երեք կառավարությունների ժամանակ էլ եղել է: «Բորիս Յուզբաշյան, Համբարձում Ղարիբյան, Արծրուն Մարգարյան, Մարտի 1 և այլն, և ոչ մի սպանություն դեռ պարզված չէ, իսկ ո՞վ է դրա պատասխանը տալու, ո՞նց կարան չիմանան, թե ովքեր են: Դա ահաբեկչություն չէ՞, եթե քաղաքական նպատակ է հետապնդում»,- ասաց նա և նշեց, որ եթե անկախ պետություն ենք, ապա պետք է դրանք բացահայտվեն:
Խոսելով քաղաքական իր հայացքներից՝ Հախվերդյանը մասնավորապես դեմ արտահայտվեց ՀՀԿ-ին:
«Հանրապետականները մի ժամանակ ՀՀՇ-ին էին մոտ կանգնած, ու եթե իշխանություն դառնան դաշնակցականները, նրանց մոտ կկանգնեն»:
Հարցին, թե արդյոք նույն բանը չէ՞ մտավորականի կողմից այս ուժին գովաբանելուց անցնելը մյուս ուժին, Ռուբեն Հախվերդյանը, դա իրեն վերագրելով, պարզաբանեց, որ ինքը «Ժառանգության» համար երգ ձայնագրելն արել է ընդամենը գումարի համար: «Էդ երգը 40 տարի առաջվա գրած երգ է, մեռա, կոտորվեցի՝ ասելով՝ ինձնից խնդրել են, տվել եմ, ես դրա համար ի վերջո փող եմ ստացել չէ՞, ես անձամբ 3,000 եմ ստացել դրա համար «Ժառանգությունից», իրենք ասեն, մի հատ երգ էլ, որ վաղուց եմ գրել, կտամ իրենց»,-ասաց նա:









