Հայկական բանակը 3 զոհ է տվել. ՊՆ
Տավուշի մարզում ցավալի միջադեպ է եղել, որի հետևանքով հայկական զինված ուժերը 3 զոհ են տվել։ Այս մասին հայտնի դարձավ քիչ առաջ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Ըստ ՊՆ հաղորդագրության այս գիշեր, ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ:
Այնուամենայնիվ, ՊՆ հաղորդագրությունից հասկանալի չէ, թե հրազենային վնասվածքը ադրբեջանական կողմից իրականացված գնդակոծության արդյունք է, թե ոչ։
Ձեռնարկված միջոցառումներով վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում:
Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաև վերը նշված ավտոմեքենայի վրա:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2–րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ՝ ապրիլի 25–ին, հակառակորդը մոտ 45 վայրկյան գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ գյուղը։ Այս դեպքից անմիջապես հետո գյուղի մանկապարտեզի երեխաներն ու աշխատակիցները տարհանվել էին։









