Սարկոզին ներողություն է խնդրել Օլանդի ընկերուհուց
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ներողություն է խնդրել իր մրցակից Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կնոջից` լրագրող Վալերի Թրիրվեյլերից, նրա հասցեին իր կուսակցի արած վիրավորական արտահայտության համար, հայտնում է BBC-ն:
Նիսում զինվորականների հետ հանդիպման ժամանակ Սարկոզիի գլխավորած «Հանուն ազգային շարժման միության» անդամ, պատգամավոր Լիոնել Լուկան Օլանդի ընկերուհուն անվանել էր «ռոթվեյլեր»:
Օլանդն իր մրցակցի կողմնակցի արարքն անվանել էր «անարժան»: Սարկոզին, իր հերթին, շեշտել է, որ ցավում է կատարվածի համար:
Ապրիլի 22-ին անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով` Օլանդը հավաքել է 28.6%, իսկ Սարկոզին` մոտ 27% ձայն: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 6-ին:









