Տոկիոյում տեղի է ունեցել հայ-ճապոնական աշխատաժողով
«Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության և ներդրումների հնարավորություններ» աշխատաժողով Տոկիոյում:
Ապրիլի 25-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը Տոկիոյի Աքադեմիհիլլզ բիզնես կենտրոնում կազմակերպել է աշխատաժողով «Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության և ներդրումների հնարավորություններ» խորագրով:
Ըստ Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության՝ աշխատաժողովը կայացել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, տնտեսության, առևտրի և արդյունաբերության նախարարության, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO), ինչպես նաև Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպության (ROTOBO) աջակցությամբ։
Միջոցառումը նվիրված է եղել Հայաստանի տնտեսական իրավիճակին, երկրում ձևավորված գործարար մթնոլորտին, գործարարության մշակույթին և ՀՀ կառավարության կողմից վարվող ներդրումային քաղաքականությանը:
Ճապոնիայի կառավարական կազմակերպություններից բացի, աշխատաժողովին մասնակցել են ճապոնական 50-ից ավելի խոշոր ընկերություններ, այդ թվում Toyota, Toshiba, Mitsubishi, Kawasaki, Sumitomo, Mizuho, Marubeni, Itochu, Sojitsu ընկերությունների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ROTOBO կազմակերպության փոխտնօրեն Ակիրա Հարութան և ՀՀ դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանը, ով անդրադարձ է կատարել հայ-ճապոնական տնտեսական համագործակցության ոլորտում ստեղծված իրադրությանը, քննարկել գործարար կապերն ընդլայնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու և գործակցության հեռանկարային ուղիներ փնտրելու հնարավորությունները:
Ելույթին հետևել են քննարկումներ և կարծիքների փոխանակում:









