Միասնական ընտրական շտաբը ՍԴ-ից կպահանջի հրապարակել ընտրողների ցուցակները

13:23 • 27.04.12

Ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծված միասնական շտաբն այսօր հրավիրել էր իր հերթական նիստ, որի ժամանակ տեղեկացվեց, որ այսօր՝ ընտրություններից 10 օր առաջ, միասնական շտաբը որոշում է կայացրել դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հրապարակել ընտրողների ցուցակները:
Ներկայացնելով շտաբի կատարած աշխատանքներն ու դրանց արդյունքը, շտաբի ներկայացուցիչները նշեցին, որ ՍԴ-ից կպահանջեն դիմումի քննությունն անցկացնել արագացված կարգով:


Շտաբի աշխատանքներին մասնակցում էին «Հայ ազգային կոնգրեսի» համակարգող Լևոն Զուրաբյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ Վարդան Օսկանյանն ու Վահե Էնֆիաջյանը: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ապա վերջինս ընդհանրապես հրաժարվել է մասնակցել միասնական շտաբի աշխատանքներին։
Շտաբի նախաձեռնող Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ շտաբի համար առաջին կարևոր հարցը ընտրացուցակների խնդիրն է, որոնք «ակնհայտորեն ուռճացված» են:
«Ընտրացուցակներում ընդգրկված են շուրջ 400.000 գոյություն չունեցող ընտրողներ»,– ասաց նա՝ ավելացնելով, որ շտաբի մաս կազմող խորհրդարանական ուժերից ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող են 27 պատգամավորի դիմումով հարցը ներկայացնել Սահմանադրական դատարան:


Ներկա չէր նաև Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, սակայն Հմայակ Հովհաննիսյանը հավատացրեց, որ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի բացակայությունը տեխնիկական պատճառներով է և նրանք նույնպես կողմ են շտաբի որոշմանը, հետևաբար, կմասնակցեն դիմումի ստորագրմանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ցուցակում եղած անճշտություններն այնքան մեծ են ու զանգվածային, որ դրանից արդեն կարելի է ենթադրել, որ դա միտում է և ինչ-որ հանձնարարական է ստացվել, որպեսզի ցուցակում մուտքագրվեն կեղծ անուններ:


«Այլընտրանք չկա, քան գնալ սահմանադրական ճանապարհով»,- ասաց Օսկանյանը և հավելեց՝ նման քայլին են դիմում այն գիտակցմամբ, որ իշխանությունների մոտ ցանկություն չկա ուղղել անճշտություններն:
Վարդան Օսկանյանը նաև ներկայացրեց ԲՀԿ-ի կողմից հայտնաբերված ընտրախախտումները, որոնք, ըստ նրա, հասնում են հարյուր հազարների: Ըստ Օսկանյանի, ցուցակներում իրենք նկատել են, որ մարդկանց անուն-ազգանունները, հայրանունները, մի քանի տառի փոփոխությամբ, կրկին ներառվել են ցուցակում, որպեսզի վերջիններս մի քանի անգամ հնարավորություն ունենան ընտրելու:


«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի համակարգող Լևոն Զուրաբյանը իր հերթին ներկայացրեց իրենց կողմից բացահայտված անճշտությունները, որոնք, Զուրաբյանի տեղեկացմամբ, շատ շուտով կհրապարակվեն:
«Աննորմալ քանակ են կազմում այն հասցեները, որոնցում 10-ից ավելի մարդ են գրանցված: Կհրապարակենք և կտեսնեք, որ դա ֆանտաստիկայի ոլորտից է»,- ասաց ՀԱԿ անդամը և նշեց, որ ընտրողների թիվը պահվում է որպես պետական գաղտնիք:
Պատգամավորների հայցը ՍԴ կներկայացնի իրավաբան Վահե Գրիգորյանը, ով ներկայացնելով իրավաբանական հիմքերը՝ հայտարարեց , որ եթե մինչև մայիսի 6-ը դիրքորոշում չարտահայտվեց, նշանակում է երկրում արդարադատության մասին խոսք չի կարող լինել:


Սահմանադրական դատարան դիմելու համար միայն ԲՀԿ-ից միացել են շուրջ 20 պատգամավորներ: