Հակոբ Գասարճեանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

16:16 • 27.04.12

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր Մխիթար Գոշի մեդալ է հանձնել լիբանանահայ քաղաքական, հասարակական գործիչ Հակոբ Գասարճեանին, ով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվել է ՀՀ Նախագահի հրամանագրով` հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև ՀՀ–ի և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար:

 

Հակոբ Գասարճեանը ծնվել է 1946թ. Լիբանանում: Ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը, զբաղվել գործարարությամբ: Երիտասարդ տարիքից ակտիվ գործունեություն է ծավալել Հայ բարեգործական ընդհանուր միությունում, Ռամկավար ազատական կուսակցությունում և Թեքեյան մշակութային միությունում:

 

Այնուհետև Հ.Գասարճեանը հաստատվել է Ֆրանսիայում, ակտիվորեն զբաղվել է համայնքային գործունեությամբ, վարել է ՀԲԸՄ Ֆրանսիայի շրջանային հանձնաժողովի ատենադպիրի պաշտոնը: 1995թ. և 1998թ. ընտրվել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ: Նրա աջակցությամբ հիմնադրվել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը: Հ.Գասարճեանը Հայաստանում իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր:

 

Այնուհետև Հ.Գասարճեանը վերադարձել է Լիբանան: 2000թ. նա ընտրվել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, 2005թ.` վերընտրվել: Եղել է Թեքեյան մշակութային միության Հիմնադիրների մարմնի անդամ, այնուհետև` նույն մարմնի ատենապետ:

 

Այժմ Հ.Գասարճեանը Հայաստանի «Անելիք Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահն է: Լիբանանում նա շարունակում է ակտիվորեն զբաղվել քաղաքական, հասարակական գործունեությամբ: