Մեդվեդևը կգլխավորի «Եդինայա Ռոսիա»-ն

14:07 • 27.04.12

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Եդինայա Ռոսիա» կուսակցության ակտիվի հետ հանդիպմանն այսօր հայտարարել է, որ համաձայն է անդամակցել կուսակցությանն ու գլխավորել այն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

 

«Շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին` առաջարկի համար: Ես այն պաշտոնապես ընդունում եմ»,- ասել է նախագահը:

 

Հիշեցնենք, որ երեկ ռուսական 5 լրատվամիջոցներին տված` նախագահի պաշտոնում վերջին հարցազրույցում նա ասել էր, որ կուսակցությունը կգլխավորի, եթե նրան նման առաջարկ անի նորընտիր նախագահ, վարչապետ Վլադիմիր Պուտինն ու նրան աջակցեն կուսակիցները:

 

Մեդվեդևը խոստովանել է, որ իր համար այս առաջարկը «շատ մեծ պատասխանատվություն է» և ընդգծել, որ «Եդինայա Ռոսիա»-ն պետք է բարեփոխել:


Նրա նախագահական լիազորությունները մոտենում են ավարտին: Մայիսի 7-ին տեղի կունենա նորընտիր նախագահ Պուտինի երդման արարողությունը: Մինչ այս առաջարկը, կուսակցությունը նախագահում էր Պուտինը: