Օբաման Կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանում դեսպանի թեկնածուին
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին առաջարկել է Պետդեպարտամենտի` Եվրասիայում էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունն` Ադրբեջանում դեսպանի պաշտոնում, հայտնում է 1news.az-ը` վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությանը:
Մորնինգսթարը սկսել է իր կարիերան Peabody & Brown իրավաբանական ընկերությունից (այժմ` Nixon Peabody): Այնուհետ նա աշխատել է Costar Corporation-ում` որպես գլխավոր տնօրեն, իսկ 1990թ.-ից` կառավարման խորհրդի նախագահ: 1993թ.-ի հունիսից նա զբաղեցրել է Արտերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի ավագ փոխնախագահի պաշտոնը` քաղաքականության ու ներդրումային զարգացման հարցերով:
1999-2001թթ. նա եղել է ԱՄՆ դեսպանը Եվրամիությունում: 2009թ.-ի ապրիլի 20-ից Մորնինգսթարը նշանակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի` Եվրասիում էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ:









