ԱՄՆ նախագահի թիկնապահները զվարճացել են Մոսկվայի մերկապարուհիների հետ
Լրատվամիջոցները պարզել են, որ ԱՄՆ նախագահի անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայության գործակալները զվարճացել են մոսկովյան էլիտար Hungry Duck («Քաղցած բադ») ակումբի մերկապարուհիների ու մշտական այցելուների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն`վկայակոչելով Wall Street Journal-ին:
Հրատարակության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել 2000թ.-ին, երբ Միացյալ Նահանգների նախագահն էր Բիլ Քլինթոնը: Գործակալները Մոսկվայում էին` նախագահի այցը Ռուսաստան նախապատրաստելու նպատակով:
Թերթը գրում է նաև, որ զվարճանքի ժամանակ գործակալներն ու մերկապարուհիները բեմում սեռական ակտի իմիտացիա են արել: Այդ ժամանակ Քլինթոնի ներկայացուցիչը հրաժարվել է լրագրողներին մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ:
Hungry Duck-ը Մոսկվայի էլիտար գիշերային ակումբներից էր, որը բացվել էր 1990-ականների կեսերին, կանադացի գործարար Դագ Սթիլի ու նրա վրացի գործընկերների կողմից: Այն հանրահայտ էր դարձել` շնորհիվ սկանդալային շոուների, որոնց միաժամանակ մասնակցել է 920 կին: Այն փակվել է 2009թ.-ին:
Վերջերս Կոլումբիայում տեղի ունեցած Ամերիկաների գագաթնաժողովի ժամանակ, նախագահ Բարաք Օբամայի թիկնապահները զվարճացել էին կոլումբիացի մոտ 20 «գիշերային թիթեռնիկների» հետ` չվճարելով նրանց ծառայության դիմաց: Հանրապետական սենատոր Չաք Գրասլին այս առիթով հայտարարել էր, որ մարմնավաճառները, հնարավոր է, աշխատել են Ռուսաստանի համար:









