Հայաստանում կանցկացվի պետական գնումների մշտադիտարկման և բարեփոխման ծրագիր
Հայաստանում այս տարի կանցկացվի «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» ծրագիրը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Պետությունն ուներ այդ խնդիրը, շատ առաջարկություններ ենք արել: Այս տարի ուշադրությունը կենտրոնացրել ենք տենդերների և գնումների խնդրի վրա: Բարեբախտաբար, մենք ունեցանք միջազգային ընկերություն, որը համագործակցեց մեզ հետ»,- ասաց Կարեն Վարդանյանը:
«Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» ծրագրի նպատակն է ապահովել պետական գնումների համակարգով իրականացվող մրցույթները դարձնել թափանցիկ, պարզեցնել և հստակեցնել հայտարարվող մրցույթների պայմանները և մեկ վայրում դիտարկել պետության կողմից հայտարարվող մրցույթները, իրազեկել և համախմբել հասարակության ակտիվ և շահագրգիռ շերտերին, ինչպես նաև նպաստել ծրագրի ընթացքում ստացված արդյունքների շարունակականության ապահովմանը:
«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանի կարծիքով՝ խնդիրներ են առաջանում նաև մրցութային պայմանների սխալ, ավելորդ և ոչ հստակ ձևակերպումների պատճառով, երբ մրցույթ հայտարարողը չի տիրապետում ձեռք բերվող ապրանքի և ծառայության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:
«Օրինակ` պահանջում են այնպիսի ապրանքներ և ծառայություններ, որոնք արդիական չեն, ինչի արդյունքում ձեռք բերված ապրանքները, ծառայությունները կամ լուծումները չեն կարող լինել արդյունավետ»,- ասաց Հայկ Չոբանյանը:
Բանախոսները նշեցին, որ ծրագրի շրջանակներում իրականացվեն մի շարք բարեփոխումներ մրցույթների կազմակերպման և անցկացման թափանցիկ ընթացակարգի վերաբերյալ: Ծրագիրը կտևի 7 ամիս:









