Ծեծկռտուքի հետևանքով մահացած երիտասարդը եղել է ԲՀԿ-ական
Ապրիլի 18-ին ժամը 00.30-ին ձախ քունքային հատվածի էպիդուրալ հեմոտոմա ախտորոշմամբ Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց տեղափոխված 2 9-ամյա Ժորա Կարապետյանը երեկ 10:30 –ին մահացել է, այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիվանդանոց այցելած ոստիկաններին Ժորա Կարապետյանը հայտնել է, թե վնասվածքը ստացել է Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի պատշգամբից վայր ընկնելու հետևանքով:
Չնայած սրան, ոստիկանությունը հաջորդ օրը՝ ապրիլի 19-ին հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1–ին կետի հատկանիշներով, այն է՝ մարմնական վնասվածք պատճառելը: Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մեկ անձ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել:
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով սեփական հավաստի աղբյուրներին, տեղեկացրել էր, որ երեք օր առաջ Արաբկիր վարչական շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել, կռվի մասնակից երիտասարդներից մեկը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և առավել հայտնի է «Բանջարանոցի Ժորիկ» անունով: Այսինքն՝ խոսքը նույն Ժորա Կարապետյանի մասին է:
Օրաթերթը նաև տեղեկացնում է, որ ԲՀԿ Արաբկիրի կառույցի անդամի մահվան մասին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղյակ չեն եղել, քանի որ հերթապահ մասից հայտնել են, որ միջադեպի առթիվ ոստիկանությունը հաղորդագրություն չի ստացել:
Ժորա Կարապետյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ լինելը հաստատեցին ԲՀԿ նախընտրական շտաբից:
Կատարվածի վերաբերյալ ԲՀԿ Արաբկիրի տարածքային գրասենյակից մեկնաբանություններ կներկայացնենք ավելի ուշ:









