Ռոմնին ռուս-ամերիկյան հարաբերությունները տանում է «սառը պատերազմի». Բայդեն

10:27 • 27.04.12

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածության հավակնորդ Միթ Ռոմնին «իրականությունից կտրված հայացքներ» ունի, ու նախագահ ընտրվելու դեպքում` նա կարող է «գետնին հավասարեցնել» ամերիկա- ռուսական հարաբերությունների նվաճումներն ու տանել դրանք «սառը պատերազմի», հայտնել է փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:


Նյու Յորքի համալսարանում ելույթի ժամանակ, նա խստորեն քննադատել է հանրապետական թեկնածուի հայտարարությունները, մասնավորապես այն, թե Ռուսաստանն ԱՄՆ-ի «թիվ մեկ թշնամին է»:


Բայդենի խոսքով` հանրապետական գործիչն ամենը դիտարկում է «սառը պատերազմի» պրիզմայով: Ըստ նրա` չի կարելի հետ գնալ` մի քաղաքականության, որի պատճառով Ամերիկան կարող էր մեկուսանալ` բղավելով աշխարհին` «կամ մեզ հետ, կամ մեր դեմ», ու հետո միայն մտածել արածի մասին:

 

ԱՄՆ փոխնախագահի խոսքով` այս ամենը «սազում» էր Ջորջ Բուշ-կրտսերին, ով սպառնալիքի տակ դրեց մի շարք դաշնակիցների հետ հարաբերությունները: Իսկ Օբամայի «խոհուն քաղաքականությունը» թույլ տվեց ուղղել սխալները:


«Նման մտածելակերպը սազում է ընկերության ղեկավարին, սակայն ոչ նախագահին ու գլխավոր հրամանատարին»,- ասել է Բայդենը:

 

Հանրապետական կուսակցության նախագահի միասնական թեկնածուն կորոշվի օգոստոսին կայանալիք կուսակցության համագումարում, ով էլ աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում կմրցի դեմոկրատ Օբամայի հետ: