Հայտնաբերվել է գողությունից հետո 54-ամյա կնոջը առանձնակի դաժանությամբ ծեծած 26-ամյա երիտասարդը (լուսանկարներ, տեսանյութ)

21:43 • 27.04.12

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 117 հոդվածի հատկանիշներով:
 

Ինչպես Դիլիջանից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ, 26-ամյա Գարեգին Ավագյանի նկատմամբ: 
 

Ապրիլի 21-ին՝ գիշերը ժամը 04.00-ի սահմաններում, գողություն անելու նպատակով կոտրելով Դիլիջան քաղաքում Կալինինի 162 տան հարևանությամբ գործող խանութ-կրպակի պատուհանափեղկը՝ Գ.Ավագյանը ներս է մտել և խանութից գողացել 49,000 դրամ, խմիչքներ, ծխախոտ, քաղցրավենիք, ինչպես նաև չօգտագործված բջջային հեռախոս: Այս ընթացքում տան շունը սկսել է հաչալ:
 

Խանութի սեփականատիրոջ մայրը՝ 54-ամյա Մարիա Իվանովան, ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել է. «Շունն անընդհատ, մոտ 1 ժամ հաչում էր: Անհանգստացա: Դուրս եկա և տեսնեմ՝ խանութի փեղկից մեկը կախված ա: Մոտեցա, անծանոթը փեղկից դուրս թռավ և հարձակվեց վրաս: Սկսեց դաժանաբար ծեծել: Մոտ 10 րոպե ծեծում էր ինձ, ես նրան խնդրում էի, թե մի հարվածի: Մի պահ երբ բերանս ամբողջովին լցվել էր արյունով, նա դադարեցրեց հարվածները: Ականջը դնելով բերնիս՝ զգաց, որ դեռ շնչում եմ, այս անգամ սկսեց երկաթե ճաղավանդակով հարվածել: Նրան ասացի, որ տղա ջան, թող գնա, չեմ բողոքի: Իսկ նա էլ, թե «եթե բողոքես, քեզ սպանելու եմ»: Ինձ թողնելով այդ վիճակում, հեռացավ: Հարևաններս եթե շուտ չտեղափոխեին ինձ հիվանդանոց, հետևանքները ողբերգական կլինեին»:
 

Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ Գ.Ավագյանը մի քանի օր էր՝ շինարարությունում աշխատելու նպատակով իր ընկերոջ հետ եկել էր Դիլիջան: Նշված կրպակից մի քանի անգամ գնումներ է կատարում, գողությունից մեկ օր առաջ տիկին Մարիայից, ով Դիլիջանում շուրջ 24 տարի աշխատել է ավագ բուժքույր, պարտքով 1 արկղ գարեջուր է վերցնում՝ խոստանալով, որ առավոտյան գումարը կվճարի:
 

Մարիան հուզված պատմում էր. «Գումարը վերադարձնելն էլ սա եղավ»:
 

Դեպքի հաջորդ օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցների կողմից կազմվում են մի քանի օպերատիվ խմբեր, որոնք հանցագործին փնտրել են նաև Դիլիջանի անտառներում:
 

Ապրիլի 26-ին՝ կեսգիշերին, քրեական հետախուզության գլխավոր վարչության և Դիլիջանի բաժնի աշխատակիցները Նարեկ գյուղում հայտնաբերում են առանձնակի դաժանությամբ կնոջը ծեծած հանցագործին, ով էլ բերման է ենթարկվում Դիլիջանի ոստիկանություն: 
 

Հայտնաբերվում է նաև խանութից գողացված բջջային հեռախոսը:
 

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի որոշմամբ, Գ.Ավագյանը ձերբակալվել է, իսկ Մ.Իվանովային տրվել է դատաբժշկի ուղեգիր: Վերջինս արդեն հետազոտել է տուժածին, և ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ.Շամշյանը, հնարավոր է, որ կատարված հանցանքը վերաորակվի:
 

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի