Տեղի է ունեցել ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման շուրջ բանակցությունների 2-րդ փուլը
Ապրիլի 26-27-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրերի դյուրացման և առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) շուրջ համաձայնագրերի բանակցությունների երկրորդ փուլը:
Ըստ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության՝ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով սահմանվում է, որ Հայաստանի գիտնականները, ուսանողները, լրագրողները, գործարարները, սպորտի և արվեստի գործիչները և այլք վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով:
Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենի մուտքի արտոնագրերի գինը և դյուրացնել ընթացակարգերը:
Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին զուգահեռ Հայաստանի և ԵՄ միջև բանակցվում է նաև հետընդունման մասին համաձայնագիր, որով կարգավորվելու են ԵՄ և Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի և հետընդունման հարցերը:
Բանակցությունների ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ կողմերի միջև արդյունավետ աշխատանքի արդյունքում լավ առաջընթաց է գրանցվել փետրվարից մեկնարկած գործընթացում, ինչի հետևանքով հնարավոր կլինի մոտ ապագայում ավարտին մոտեցնել բանակցությունները:
Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է Երևանում հունիսին:









