Տիգրան Կարապետյանի բոլոր քաղաքական ուժերի վրա խաչ է քաշելու, ով գողանա՝ Աստված կպատժի
«Ժողովրդական կուսակցության» նախագահ, թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Տիգրան Կարապետյանը որևէ քաղաքական ուժի ձայն չի տալու ու «մի հատ մեծ խաչ է քաշելու» քվեաթերթիկում նշված բոլոր կուսակցությունների կողքին: Եթե հանրապետականը գողանա այդ ձայնը (այն անվավեր կճանաչվի, քանի որ նշում կարող է լինել միայն մեկ քաղաքական ուժի կողքին- Tert.am),Աստված կպատժի:
Սա համամասնականով, իսկ մեծամասնականով Տիգրան Կարապետյանը վստահ է, որ ժողովուրդը մայիսի 6-ին ձայն կտա իրեն և ինքը կլինի պատգամավոր, որը ոչ թե ընտրություններից հետո անհետանում է, այլ պատգամավոր, որը կլինի ժողովրդի հետ:
«Անձամբ հանրապետական կուսակցությունը միշտ շեշտելով, որ ազնիվ ընտրություններ են անցկացնելու, չի խոստովանում իր մեղքերը… ոնց կարող ա ազնիվ լինի: Ընդհանրապես, եթե մեկը չի խոստովանում իր մեղքերի, որ ինքը սխալներ ունի, երբևիցե չի կարող խելացի լինել և Աստծո կողմից ընդունելի: Նարեկացին, որ ասում ա՝ «ես մեղավոր եմ», ինքը էնքան գիտակից ա, որ հասկանում ա, որ մեղավոր ա, մենք բոլորս ենք մեղավոր: Էդ ոնց եղավ, որ բոլորս մեղավոր ենք, Հանրապետական կուսակցությունը միշտ ճիշտ ա»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Արարատի մարզի մի շարք ընտրատարածքներն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքում առաջադրված Տիգրան Կարապետյանին դեմ աշխատում է անձամբ Արարատի մարզպետը, որի հրահանգով գյուղապետերին խստիվ արգելվում է, «որ համայնքը հավաքվի Տիգրան Կարապետյանի կողքը»։ «Կատարածուներին ուղարկում են տները»՝ խնդրելով, որ դուրս չգան Տիգրան Կարապետյանի հետ հանդիպման:
Այս մասին, Տիգրան Կարապետյանին պատմել են գյուղացիները՝վախենալով ներկայանալ:









