«Ո՞նց կարող ա էշն ու ձին միավորվեն». Տիգրան Կարապետյան
«Ժողովրդական կուսակցության» նախագահ, թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Տիգրան Կարապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը խաղում է Հանրապետականի, իսկ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսը»՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:
«Վերջինը, ա~յ, հետաքրքիր ա, ձեռ ա տալիս Լևոն Տեր-Պետրոսյանին. ԲՀԿ-ի հետ խառնվել ա էն առումով, որ պայմանավորվել են, ձայները՝ «մենք՝ ձեզ, դուք՝ մեզ»: ԲՀԿ-ն էլ բոլորին է ը’տենց ասում, օրինակ, ՀԱԿ-ին ասում ա՝ «որտեղ մեծամասնականով մենք չկանք` դուք կաք, ձեզ տանք», ու հակառակը: Էհ, ձեռ ա տալիս…»,- ասաց Կարապետյանը, ով համարում է, որ իրականում ժողովուրդը բոլորին էլ ճանաչում է, թե «ով՝ ով է»:
ԺԿ նախագահը չի կասկածում, որ ընտրողն իր ձայնը կտա ԲՀԿ-ին, բայց եթե հաջորդ տարի Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ նախագահական ընտրություններում սատարում է Սերժ Սարգսյանին՝ կկորցնի այդ ձայները:
Անդրադառնալով «Ընտրությունների վերահսկողություն իրականացնող միասնական շտաբին», ինչին միացել են «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները և «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, Տիգրան Կարապետյանը նկատեց՝ «ո՞նց կարող ա էշն ու ձին միավորվեն»: Կարապետիչի մեկնաբանությամբ, այս կերպ հիշյալ քաղաքական ուժերը խոստովանում են, որ գաղափարախոսություն չունեն:
Ասուլիսում Տիգրան Կարապետյանը «էշ» բառը հիշատակելու ևս մեկ առիթ ունեցավ՝ այս անգամ «Ժառանգության» այն պնդումների առիթով, թե վերջիններս իրենց հանձնաժողովականների տեղերը տվել են ուրիշներին, հիմնականում ՀՀԿ-ին, համակարգչային, տեխնիկական վրիպակի պատճառով:
«Լա~վ էլի, թող էշի տեղ չդնեն, էլի»,- իր կարապետյանական հայտնի ծիծաղով Րաֆֆի Հովհաննիսյանի այս պնդումները հերքեց Ժողովրդական կուսակցության նախագահը:
Չնայած Կարապետիչը հիմնականում «Ժառանգության» նախագահ Հովհաննիսյանին համարում է ազնիվ ու գնահատում նրա ինտելեկտուալ կարողությունները, բայց առիթը բաց չի թողնում նրան նաև «ՑԸՌՈՒ» համարել: Ի դեպ, ԺԿ նախագահը մյուս քաղաքական ուժերին էլ «ԿԱԳԵԲԵ» է համարում:
«Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանի մասին չի մտածում, նա դրսի ուժերի կողմից դիտվում է որպես նախագահական ընտրությունների թեկնածու: Ինքը, որ հիմա ուզում է խորհրդարան անցնի, կապ չունի՝ հի՞նգ հոգով անցնի, յո՞թ, դա պլատֆորմ է, ինքը կառաջադրվի նախագահական ընտրություններին»:
Ընտրություններին մասնակցից մյուս քաղաքական ուժի՝ «Հայ ազգային կոնգրեսի» մասին Տիգրան Կարապետյանն ասաց՝ «իրանց սրած բիզը …», նկատի ունենալով թիվ յոթ ընտրատարածքում Մալաթիա-Սեբաստիա համայնքի կանանց ագրեսիվ պահվածքը թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
Կատարվածն էլ զուգահեռեց իր հետ տեղի ունեցածի հետ, հիշեցնելով, երբ ինքը՝ Կարապետիչը, ժամանակին հայտարարում էր, թե «ՀՀՇ բետեէռ կանայք» իր հանրահավաքի ժամանակ հարձակվում են իր վրա, ապա հիմա էլ այլ «բետեէռներ» են հարձակվում իրենց վրա:
Տիգրան Կարապետյանը նկատում է՝ ՀԱԿ-ը գնաց իրեն փոշիացնելու ճանապարհով, հիմա էլ ինքն է փոշիանում, որովհետև ԺԿ նախագահը նկատել է, թե որքան սակավամարդ են դարձել ՀԱԿ-ի նախընտրական հանդիպումները:
Խոսելով կուսակցությունների կարգախոսների մասին՝ Կարապետյանը նկատեց, որ դրանք ուղղակի ծիծաղելի են իր համար. «Հավատանք, որ փոխենք», ո՞վ փոխի: Իրանք են փոխողը, իրանք էլ պետք է փոխվեն»:
«Ժառանգության»՝ «Միասին սարեր ենք շարժելու» կարգախոսի կարապետյանական մեկնաբանությունը հետևյալն էր.«Եթե երկրաշարժի նախարարություն ունեն, թող շարժեն»:









