Վլադիմիր Կարապետյանը կոչ է անում Սամվել Ֆարմանյանին հրապարակել իր նախընտրական հիմնադրամի ծագումնաբանությունը
Թիվ 2 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով երեկ «Արմնյուզ» հեռուստաալիքի եթերում նույն ընտրատարածքի ՀՀԿ թեկնածու Սամվել Ֆարմանյանի հետ հեռուստաբանավեճի որոշ դրվագների։ Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.
Երեկ տեղի ունեցած բանավեճի ընթացքում Ֆարմանյանին ուղղված իմ բովանդակային հարցերին պատասխանելու փոխարեն ՀՀԿ ներկայացուցիչը պարզեց իմ կիսակառույց տան լուսանկարը` ցուցադրելով այն հեռուստադիտողին:
Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ որպես դիվանագետ իմ պաշտոնավարման ընթացքում՝ մինչեւ 2008 թ. պատշաճ կերպով ներկայացրել եմ եկամուտի հայտարարագրեր: Նշեմ նաեւ, որ հպարտանում եմ այն հանգամանքով, որ ընտանիքիս անդամների օժանդակությամբ կարողացել եմ հիմք դնել եւ կառուցել մի հարմարավետ տուն, որը բաց է բոլորի առջև:
Ֆարմանյանի կողմից մասնավոր հարցի հանրայնացման կապակցությամբ կրկնում եմ հեռուստաբանավեճի ժամանակ իմ հայտարարությունը, համաձայն որի.
1. Կոչ եմ անում մրցակցիս կազմել 1-2 հոգանոց համապատասխան հանձնաժողով/խումբ, որը կուսումնասիրի իմ եկամուտներն ու դրա ծախսերը;
2. Կոչ եմ անում Ս. Ֆարմանյանին հրապարակել իր նախընտրական հիմնադրամի 9 միլիոն 508 հազար դրամի արված ծախսերի ծագումնաբանությունը, ինչպես նաեւ 15 մ2-ից մինչև 18 մ2 ծավալով թվով 27 քարոզչական պաստառները բազմաբնակարան շենքերի պատերին փակցնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը՝ հաշվի առնելով, որ ապրիլի 23-ին, Ս. Ֆարմանյանը Նոր Նորքի վարչական տարածքին վճարել է 50.000 դրամ (մեկ հսկայական պաստառի համար` 1852 (!) դրամ): Այդ վճարումով իշխանության ներկայացուցիչն ընդունեց, որ մինչ վճարման պահը խախտվել էր ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը, որի արդյունքում տուժել էր համայնքային բյուջեն:
3. Նույն հանձնաժողովը նաեւ ուսումնասիրի Սերժ Սարգսյանի եղբոր եւ փեսա՝ Սաշիկ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի եկամուտները՝ սկսած 2000թ.;
4. Հրապարակել ուսումնասիրությունների արդյունքները Հայլուր ծրագրով:
Դրանով մենք կնպաստենք քաղաքական գործիչների գործունեության թափանցիկությանը, կբարձրացնեք բնակչության իրազեկությունը պետական պաշտոնյաների վերաբերյալ:
Ս. Ֆարմանյանի կողմից իմ առաջարկության անտեսումը կհամարեմ որպես նրա կողմից.
ա. իմ անձնական կյանք ներխուժելու անպատվաբեր փորձ եւ քարոզարշավի ընթացքում կեղտոտ տեխնոլոգիաների կիրառում:
բ. իր քարոչզության եւ գաղափարական հովանավորներ Սաշիկ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի մասնավոր գործունեությունը պարտակելու միտում:
Հայտնում եմ նաեւ, որ իմ եկամուտների հայտարարագիրը, օրենքի պահանջով, ներկայացվել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, ինչպես նաեւ տեղադրվել է իմ անձնական www.vladimirkarapetian.am կայքում:









