Գնդակը գլխում 94 տարի ապրած մարդը 104 տարեկանում մահացել է

01:49 • 27.04.12

Գինեսի ռեկորդների գրքում գրանված ամերիկացի Վիլիամ Փեյսը (William Pace), ով ամենաերկար կյանքն է ապրել գլխի հրազենային վնասվածքից հետո, ապրիլի 26-ին մահացել է Կալիֆոռնիա նահանգում գտնվող ծերանոցում` 104 տարեկանում, հաղորդում է «Ասոշիեյթեդ Փրեսս» գործակալությունը` հղում կատարելով երկարակյացի բարեկամներին:

ԶԼՄ-ների տեղեկություններով, 1917 թվականին Փեյսի ավագ եղբայրը պատահմամբ նրան վիրավորել էր՝ հոր 5.6 մմ տրամաչափի հրացանից կրակելով: Գնդակը մնացել է երեխայի գլխում: Դրանից հետո տղայի մեկ աչքը կուրացել է, սակայն նա 94 տարի գնդակը գլխում ապրել է՝ կյանքի մեծ մասը աշխատելով որպես գերեզմանատան հսկիչ: Գինեսի ռեկորդների գրքում Վիլիամ Փեյսը գրանցվել է 2006 թվականին:

Փեյսի որդու պատմածի համաձայն, 2011թ. Տեխաս նահանգի բժիշկները որոշում են կայացրել գնդակը հոր գլխից չհանելու վերաբերյալ, քանի որ միջամտությունը կարող էր ծեր տղամարդու ուղեղը վնասել:

Գործակալությունը ճշգրիտ տեղեկություններ չունի 104-ամյա Փեյսի մահվան պատճառների վերաբերյալ, միայն հաղորդվում է, որ տղամարդը մահացել է քնի մեջ: