Հայերն ադրբեջանցիներին նեղու՞մ են «Օդնոկլասնիկի.ռու»-ում

15:04 • 28.04.12

Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե որոշ սոցիալական կայքերում Ադրբեջանի քաղաքացիներին «նեղում» են: Մասնավորապես, 1news.az-ի փոխանցմամբ, «Օդնոկլասսնիկի.ռու» սոցիալական կայքում ստեղծվել են «հակաադրբեջանական» խմբեր և տեղադրվել ադրբեջանցիներին ուղղված վիրավորական հաղորդագրություններ:

 

Իսկ դրանք հանելու կոչերին, ցանցի ադմինիստրացիան, իբր, չի արձագանքել` «չմոռանալով, սակայն, վերացնել այն խմբերը, որոնք ստեղծել են ադրբեջանցիները»: Տվյալ իրավիճակը պարզաբանելու համար` 1news.az-ը հարցում է ուղարկել կայքի տեխաջակցության ծառայությանը, և ստացել հետևյալ պատասխանը.

 

«Մենք ուսումնասիրում ենք բողոքները, և եթե խախտում կա, ապա արգելափակում ենք օգտատիրոջը կամ խումբը: Ազգային պատկանելության միջև որևէ տարբերություն չենք դնում` խախտումը խախտում է, այդ իսկ պատճառով ադրբեջանցի օգտատերերի էթնիկ խտրականության ու հենց նրանց խմբերի զանգվածային հեռացումների մասին խոսք լինել չի կարող: Հնարավոր է` դրանք արգելափակվում են ավտոմատ կերպով` այլ օգտատերերի կողմից չափազանց շատ բողոքների արդյունքում»:

 

1news.az-ն այս պատասխանից հետևություն է արել, որ «այլ օգտատերերը» հայերն են, որոնք «բառացիորեն հետապնդում են այն ամենը, ինչ կապված է Ադրբեջանի հետ»: