Ֆրանսիայում կալանվել է Բերեզովսկու 13 մլն-ի անշարժ գույքը

14:32 • 28.04.12

Ռուսաստանի Դաշնության իշխանություններին հաջողվել է կալանքի տակ առնել աղմկահարույց քրեական գործերով անցնող անձանց` արտերկրում ունեցած ընդհանուր 320 մլն դոլարի ունեցվածքն ու հաշվեհամարները, հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով ՌԴ Գլխավոր դատախազությանը:

 

Դատախազության հաղորդագրության համաձայն` կալանքի տակ է առնվել նաև փախուստի մեջ գտնվող ընդդիմադիր օլիգարխ Բորիս Բերեզովսկու` Ֆրանսիայում ունեցած 13 մլն-ի ունեցվածքը:



«ՌԴ Գլխավոր դատախազության խնդրագրով` արտերկրում կալանք է դրվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված ավելի քան 320 մլն դոլարի անշարժ գույքի ու հաշվեհամարների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ռուսաստանում ընդդիմադիր օլիգարխի նկատմամբ տարբեր ժամանակահատվածներում հարուցվել է 12 քրեական գործ: Դրանցից ամենալուրջն իշխանությունը զավթելու մասին նրա հայտարարությունն էր, երբ նա ասել էր, որ պատրաստ է ֆինանսավորել պետական հեղաշրջումը: Բերեզովսկու հիմնական բնակավայրը համարվում է Լոնդոնը, որտեղ նրան տրվել է Պլատոն Ելենին անունով բրիտանական անձնագիր: