«Բարգավաճ Հայաստանից» արտահոսք չկա. Նաիրա Զոհրաբյան

10:35 • 28.04.12

Մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից տեղի է ունենում անդամների արտահոսք, սակայն ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

 

«Այդ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ես միանշանակորեն վստահ եմ, որ նման էժանագին մանիպուլյացիաներով հնարավոր չի լինելու հանրության կարծիքի վրա ազդել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Ի դեպ, համաձայն մամուլի հրապարակման, երեկ ԲՀԿ անդամներ Վարդան Օսկանյանն ու Հարություն Քուշկյանը, կուսակցության շարքերի արտահոսքից անհանգստացած, նույնիսկ այցելել են Քանաքեռ-Զեյթուն համայնքի ԲՀԿ թեկնածու Աշոտ Տոնոյանի նախընտրական շտաբ և պատգամավորի թեկնածուի հետ խոսել կուսակցությունից դուրս եկող բնակիչների փաստի մասին: Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ «Նրանք մեղադրել են Տոնոյանին և հանձնարարել ամեն գնով այդ արտահոսքի դեմն առնել»:

 

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքում, բացի Հարություն Քուշկյանից և Վարդան Օսկանյանից, եղել է նաև ինքը, ուր իրենք հանդիպել են բնակիչների հետ և քննարկել կուսակցության նախընտրական ծրագիրը, պատասխանել բնակիչներր հարցերին:

 

«Հանդիպումն անցել է բարձր ոգևորության մակարդակում: Տվյալ լրատվամիջոցում հրապարակված հերթական ապատեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Մենք հանդիպել ենք ընտրողների հետ, ներկայացրել ենք «Բարգավաճ Հայաստանի» նախընտական ծրագիրը, պատասխանել ընտրողների հարցերին և այն ոգևորությունը, որ մեր հանդիպման ընթացքում տիրում էր Քանաքեռ-Զեյթուն համայնքի և ոչ միայն այդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, (Ես և Օսկանյանը ամեն օր բակային հանդիպումներ ենք ունենում Երևանի տարբեր համայնքերում) կրկին վերահաստատում է այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր ունի վստահության ամենամեծ ռեսուրսը»,-եզրափակեց իր խոսքը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: