Կադաֆին ֆինանսավորել է Սարկոզիի ընտրությունները. իրեղեն ապացույցներ կան
Լիբիայի նախկին առաջնորդ, նախորդ տարվա հոկտեմբերին սպանված Մուամար Կադաֆին, 2007թ. ֆինանսավորել է Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավը, և այդ նպատակով 50 մլն եվրո է տրամադրել, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով ֆրանսիական «Մեդիապար» գործակալությանը:
Գործակալությունը, որպես ապացույց իր կայքում ներկայացրել է Լիբիայի արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Մուսա Կուսայի կողմից ստորագրված մի փաստաթուղթ, որով հրամանագրվում է համապատասխան գումարի տրամադրումը:
Փաստաթղթում, որը գրված է արաբերեն, Մուսա Կուսան հայտարարում է, որ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի կողմից համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ պետք է աջակցել Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավին 50 մլն եվրո տրամադրելով: Այդ որոշումը, 2006թ. դեկտեմբերի 10-ին ուղղվել է գնդապետի խորհրդական Բաշիր Սալեհին, ով հայտնի էր որպես` գնդապետ Կադաֆիի գանձապահ:
Մուսա Կուսան փաստաթղթում նշում է, որ սույն փաստաթուղթը կազմվել է 2006թ. հոկտեմբերի 6-ին կայացած բանակցությունների արդյունքում, որոնց Լիբիայի կողմից մասնակցել են լիբիական հատուկ ծառայությունների ղեկավար Աբդուլլա աս-Սենուսսին և աֆրիկական ներդրումների լիբիական հիմնադրամի նախագահ Բաշիր Սալեհը, իսկ ֆրանսիական կողմից` Զիյադ Տակիեդդինը (ֆրանս-լիբիական գործարար) և Բրիս Օրտեֆյոն (Ֆրանսիայի նախկին ներքին գործերի նախարար):
Ֆրանսիական իշխանությունները կտրականապես հերքում են այդ հայտարարությունը: Ինքը Սարկոզին նախկինում ևս նման հայտարարությունները ծիծաղելի էր անվանում:









