ՀՀԿ–ն մեծացնում է հնարավորությունները, ԲՀԿ–ն կորցնում. հարցում

12:17 • 28.04.12

ՀՀ խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ առաջադրված բոլոր կուսակցություններից առավել մեծ աջակցություն են ստանում երկուսը՝ ՀՀԿ-ն՝ հարցվածների 39%–ը կամ հավանական ընտրողների 42%-ը և ԲՀԿ-ն՝ 26%-ը և հավանական ընտրողների՝ 28%-ը: Հարցման այս արդյունքները ներկայացրեց Gallup սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնող կազմակերպությունը, որն իրականացվել է Հայակական Սոցիոլոգիական Ասոցիացիայի հետ համատեղ և «Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով:

 

Նշենք, որ սա հետազոտության երկրորդ փուլն է: Առաջին փուլի համեմատ, որը ընկերությունը ներկայացրել էր ապրիլի 17-ին, և որն ընդգրկում էր ապրիլի 4-10 ընկած ժամանակահատվածը, երկրորդ փուլում, որն ընդգրկում է ապրիլի 16-22–ը ընկած ժամանակահատվածը, ՀՀԿ-ին աջակցողների թիվը մեծացել է 5%-ով, իսկ ԲՀԿ-ինը՝ 2%-ով պակասել է:

Ըստ հարցումների երրորդ տեղում է ՀԱԿ-ը՝ 7%-ով, ինչը 2%-ով պակաս է նախորդ փուլի համեմատ, չորրորդ տեղում է ՕԵԿ-ը՝ 5% նախորդի դեպքում՝ 6%, ՀՅԴ՝ 5%, ինչը նույն էր առաջին փուլում ևս, «Ժառանգություն»՝ 4%, նախորդ դեպքում՝ 3%:

 

Վերջին երեք տեղերում են ՀԿԿ, ՀԴԿ և «Միավորված հայեր»՝ համապատասխանաբար 2%,0.5%, 0.4%:

Իր աջակցությունը ոչ մի կուսակցությանը չի հայտնել հարցվածների 10%-ը, իսկ չգիտի թե ում աջակցի՝ 3%-ը:
Նշենք, որ հարցմանը մասնակցել է համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1015 չափահաս քաղաքացի: Հարցումը անցկացվել է դեմ առ դեմ հարցման մեթոդով:

 

Սոցիոլոգիական հարցման հեղինակների հավաստմամբ՝ արձագանքների մակարդակը կազմել է 66%, սխալման լուսանցքը չի գերազանցում + /- 3,1%, վստահության մակարդակը` 95%: