Կոմկուսն առաջարկում է վերականգնել մահապատիժը

02:11 • 28.04.12

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը առաջարկում է Հայաստանում վերականգնել մահապատիժը: Այս մասին «Դատաիրավական խնդիրների լուծումները քաղաքական ուժերի նախընտրական ծրագրում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԿԿ անդամ Անդրանիկ Ղուկասյանը:

 

«Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կողմ է, որ Հայաստանում վերականգնվի մահապատիժը: Չէ՞ որ այդ նույն ցմահ դատապարտյալները կամ այդ նույն հանցագործները նույն մարդու կյանքն են խլում»,-նկատեց նա:

 

«Աստված չանի, որ դուք գաք իշխանության»,- կուսակցության առաջարկից դժգոհ՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

Մյուս քայլը դատաիրավական համակարգում, որ առաջարկում է կատարել կոմունիստական կուսակցությունը, Ղուկասյանի խոսքով, գերագույն և ժողովրդական դատարանների ստեղծումն է` որպես փոխարինում առկա մնացած դատարաններին:

 

Քննարկմանը, որին հրավիրված էին խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների անդամները, ներկա չէին միայն «Օրինաց երկիր» կուսակցության, «Հայ ազգային կոնգրես» դաշինքի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Համազյանը նշեց, որ կուսակցության նախընտրական ծրագրում առանձնակի շեշտադրումներ չկան այս ոլորտի վերաբերյալ: Հիմնական շեշտը կուսակցությունը, նրա խոսքով, դրել է սոցիալական, տնեսական, բնպահպանական ոլորտների վրա:

 

Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ կուսակցության ծրագրում կարևոր տեղ են զբաղեցնում քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելուն ուղղած քայլեր: Նա նկատեց, որ քրեակատարողական հիմնարկներում առավելագույն պետք է լինի 4,400 բանտարկյալ, այնինչ

2011-ին կառավարության առաջարկով 5,800-ի պետք է հասնի այդ թիվը:

 

Իսկ «Միավորված հայեր» կուսակցությունը ներկայացնող Սիմա Իսկանդարյանը նշեց, որ չանտեսելով դատական համակարգում կատարված բարեփոխումները՝ պետք է շարունակել դրանք: Կուսակցության հիմնական առաջարկն այն էր, որ դատավորների ընտրությունը պետք է լինի ընտրովի:

 

Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանի խոսքով, դատարանների անկախացման խոսելիս սխալ է օգտագործել դատարանների անկախություն տերմինը, այլ ճիշտ է դատավորի անկախություն: Կուսակցության առաջարկներից է, ըստ նրա, պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելը, ինչին արձագանքելով՝ Զարուհի Փոստանջյանը նշեց. «20 տարի է՝ այդ եք ասում, սակայն չեք անում»: Սակայն ՀՀԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ դրան հասնելու համար քայլեր արվում են: