«Հայհիդրոնախագիծ» ՓԲԸ-ն՝ ընդդեմ Հմայակ Հովհաննիսյանի. վեճը հասել է վերին ատյաններին

12:24 • 28.04.12

«Հայհիդրոնախագիծ» ՓԲԸ-ն այս տարվա մարտի 27-ին դիմել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին՝ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու համար, սակայն դա չի ընդունվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայհիդրոնախագիծ» ՓԲԸ արհմիության նախագահ Վարդուհի Կոստանդյանը՝ անդրադառնալով Մոսկովյան 33 հասցեում գնվող շենքի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: Վարդուհի Կոստանդյանը նշեց, որ իրենք արդեն նամակ են գրել ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին և դատական մարմիններին:
Հիշեցնենք, որ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ իրեն սեփական տարածք մտնելու համար խոչընդոտում են, և դա հրահանգված է:


Նշենք, որ նույն շենքում տեղակայված են մի քանի ընկերություններ, այդ թվում ՀՀ Քաղաքագետների միությունը «Հայհիդրոնախագիծ» ՓԲԸ-ն, Ազգային միաբանություն կուսակցությունը, և այլն:
Մի քանի օր առաջ էլ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վեճի է բռնվել «Հայհիդրոնախագիծ» ՓԲԸ –ում աշխատող կանանց հետ, Հմայակ Հովհաննիսյանը ընկերության աշխատակիցներին ասել է, որ վերջիններս «Լֆիկի ծախվածներն» են:


«Հայհիդրոնախագիծ» ընկերության աշխատակիցները միաբերան պնդում են, որ Հմայակ Հովհաննիսյանը 150 քառակուսի մետր անօրինական տարածք է զբաղեցնում: «Այդ օրերին միջադեպ գրանցվեց, ընկերության տնօրենը այս միջադեպերից հետո կաթվածահար եղավ, և նա հիմա պառկած է»,-ասաց Վարդուհի Կոստանդյանը:


Հարցին, թե ինչու այս խնդրի մասին նախկինում չեն բարձրաձայնել, և ընտրությունների նախաշեմին է դա կատարվում, Վարդուհի Կոստանդյանն ասաց, որ նրանք Հմայակ Հովհաննիսյանի հետ դատական վեճերի մեջ են եղել դեռ 2004 թվականից, սակայն միայն վերջերս է այդ ամենը հրապարակային դարձել:


Նշենք նաև, որ Հմայակ Հովհաննիսյանը այս վեճը կապում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ստեղծված միասնական շտաբի գործունեության հետ և համարում է, որ իրեն հետապնդում են իր քաղաքական հայացքների համար:


Հիշեցնենք, որ Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և քաղաքագետների միության նախագահը ընդգրկված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում:


Նշենք նաև, որ Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ստեղծվել ընտրությունների վերահսկման միասնական շտաբ, որին միացել են երեք քաղաքական ուժեր` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը», և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը: