Բերեք առաջնային աղբյուրներ, որ չհիմնվենք՝ «ինչ- որ մեկն ասել է, որ մեկը ընտրակաշառք է տվել» լուրերի վրա. ՄԻ պաշտպան
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների հետ կապված ուսումնասիրություններ իրականացնելու համար, անհրաժեշտ են առաջնային աղբյուրներ, որոնց վրա կարելի է հիմնվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Ի տարբերություն ոստիկանությանը, դատախազությանը, մենք չենք ասում լուսանկարներ կամ տեսաֆիլմեր բերեք, պարզապես, ասում ենք` մեզ բերեք առաջնային աղբյուրը: Մենք պահպանում ենք աղբյուրի գաղտնիությունը և ոչ ոք ինձ չի կարող ստիպել հայտնել այդ մարդու անունը»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ առաջնային աղբյուրն իրենց անհրաժեշտ է, որպեսզի չհիմնվեն «ինչ- որ մեկն ասել է, ինչ-որ մեկը լսել է, որ մեկը ընտրակաշառք է տվել»՝ նման կարգի տեղեկությունների վրա:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քարոզարշավի 20 օրերի ընթացքում ստացել է շուրջ 30 ահազանգ քաղաքացիներից և երեքը՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներից. այսպես՝ թիվ 1 ընտրատարածքում ինքնառաջադրված թեկնածու Գայանե Առուստամյանից, ում բողոքը, սակայն, վերաբերում է թիվ 7- ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքը խոչընդոտելուն: Մյուսը ներկայացրել է Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը և 29- րդ ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Անուշավան Նիկողոսյանը , ով ապրիլի ութին հաղորդել էր, որ Տաշիրի քաղաքապետը խոչընդոտել է գովազդային պաստառներ տեղադրելուն:
Քաղաքացիներից ստացվող ահազանգերը հիմնականում վերաբերում են ընտրացուցակներին՝ դրանցում ընդգրկված լինել-չլինելուն, մահացածների անունների առկայությանը, քարոզչության անհավասարությանը և այլն:
Կարեն Անդրեասյանը նշեց, որ դեռ չի պատրաստվում ընդհանրական գնահատական տալ նախընտրական քարոզարշավին, սակայն պատրաստ է ներկայացնել որոշակի խումբ կազմող խախտումներ և միտումներ:
ՄԻՊ-ի խոսքով, քաղաքացիները դիմում են նաև անձնագրային խնդիրների և ընտրակաշառքի կասկածների հետ կապված հարցերով: Նաև կրկին անգամ հավելեց, որ իրենք պահպանում են աղբյուրի գաղտնիությունը. «Շատ քաղաքացիներ վախենում են կամ անիմաստ են համարում Պաշտպանի գրասենյակին դիմելը՝ ունենալով վատ փորձ»:
Քարոզարշավի քսան օրերի ընթացքում Պաշտպանը հանդիպել է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, բացառությամբ Հանրապետականի և ՕԵԿ-ի. վերջիններս հանդիպման ցանկություն չեն հայտնել:









