Մրցունակությունը այսօր կարևորագույն մարտահրավեր է. Տիգրան Սարգսյան
Այսօր «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց «Նորարարություն, մրցունակություն և տնտեսական աճ» խորագրով համաժողովը, որի նախաձեռնողը «Մայքրոսոֆթ Հայաստան»-նն էր՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ Մայքրոսոֆթ ընկերության Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: Նա նշեց, որ համաժողովը կարևոր է՝ որոշելու, թե համագործակցության ինչպիսի եզրեր պետք է մշակել:
«Վստահ եմ, որ այս համաժողովը կլինի արդյունավետ, կքննարկենք այն ավանդական դարձնելու հարցը»,-ասաց նա:
Համաժողովին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նշեց, որ ազգային մրցունակությունը այսօր կարևորագույն մարտահրավեր է, որովհետև պետք է պատասխանի այն հարցին, թե Հայաստանը ինչպիսին պետք է լինի 21-րդ դարում:
«Մի շարք հարցերի պատասխաններ մենք պարտավոր ենք տալ այսօր, որպեսզի ամուր հիմքեր գցենք մրցակցության դաշտում և ունակ լինենք հաղթել: Մենք պարտավոր ենք հասկանալ, թե որոնք են ժամանակակից աշխարհի զարգացման կարևորագույն նախադրյալները: Համաշխարհային ճգնաժամը այդ առումով բացահայտում է մեր երկրի խնդիրները, ցույց տալիս ուժեղ և թույլ կողմերը»,-ասաց նա:
Վարչապետը նաև նշեց, որ 21-րդ դարը մրցակցություն է նոր գիտելիքի ստեղծման գործում և մրցակցության մեջ հաղթում են այն երկրները, որոնք մեծ ուշադրություն են դարձրել գիտելիքին: Հայաստանն, ըստ նրա, չի կարող զարգացած երկրների հետ մրցակցել գիտության ոլորտում: «Մենք պարտավոր ենք գտնել գիտության այն նիշաները (խորշ–Tert.am), որտեղ մենք կարող ենք զարգանալ ու մրցակցել: Անհրաժեշտ է հավակնոտ ծրագրերի ներկայացում, որը կենթադրի, որ մենք կլինենք առաջատար այս կամ այն ոլորտում»,-ասաց նա:
Վարչապետը նաև նշեց, որ ցանկացած հարցի նկատմամբ ստանդարտ մոտեցումները տալիս են ստանդարտ արդյունքներ: Նա ողջունեց նոր մեթոդների, նոր մոտեցումների առաջ քաշումը:
Վարչապետը նաև նշեց, որ համաժողովի ընթացքում քննարկած բոլոր հարցերը և առաջարկները կներկայացվեն ՀՀ կառավարություն:









